Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով: Ինչպես հայտնի է, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաեւ քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ: Ի դեպ, վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ:
Քրեական գործով դատարանում ուշագրավ իրավիճակ է եղել: Մասնավորապես, ԱԺ նախագահի որդու հետ դատարանում հայտնված անձանցից երկուսը կոնկրետ հարց են բարձրացրել, որը կապված է եղել իրենց խափանման միջոցի (ստորագրությամբ չհեռանալու մասին) հետ, ասել է թե՝ խափանման միջոցը նրանց խնդիրների առաջ է կանգնեցրել: Գործով մեղադրյալ Արմինե Ստեփանյանը միջնորդություն է ներկակացրել եւ հայտարարել. «Ինձ մեղադրանք է առաջադրվել, որ ես, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, միեւնույն ժամանակ հանդիսանալով 2-2040 քաղաքացիական գործով պատասխանող կողմի՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ, օժանդակել եմ 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես նույն վարչության պետի լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձ Կարեն Վեկտորի Սարդարյանին, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որի հետեւանքով պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս: Տվյալ քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 11.09.2020 թվականին, որի շրջանակներում իմ կողմից 02.10.2020 թվականի միջնորդություն է ներկայացվել ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելու հիմքով իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ որպես հետեւանք ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին: Քրեական գործը դատարանի վարույթ ընդունվելուց հետո անցել է ավելի քան 1 տարի 5 ամիս, որի ընթացքում տեղի է ունեցել միայն մեկ դատաքննություն, իսկ մնացած դեպքերում դատական նիստերը հետաձգվել են, եւ դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ յուրաքանչյուր հերթ նշանակվել է երկարատեւ ընդմիջումներով: Նախաքննության մարմնի կողմից 04.08.2020թ. ինձ մեղադրանք է առաջադրվել, եւ իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հարկ է արձանագրել այն փաստը, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ես դրսեւորել եմ պատշաճ վարքագիծ, մասնավորապես՝ վարույթն իրականացնող նախաքննության մարմնի բանավոր կանչով մշտապես ներկայացել եմ քննության, տվել եմ ցուցմունքներ, մասնակցել եմ առերեսման, ամբողջ նախաքննության ընթացքում չի արձանագրվել գեթ մեկ դեպք, երբ ես որեւէ կերպ փորձ կատարած լինեմ խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից: Համանման վարքագիծ եմ դրսեւորել նաեւ գործի դատական քննության ընթացքում: Նման արարք չեմ կատարել եւ չեմ պատրաստվում կատարել:Բացի այդ, նախկինում երբեք դատապարտված կամ որեւէ այլ կերպ արատավորված չեմ եղել, չեմ կատարել եւ չեմ պատրաստվում կատարել Քրեական օրենսգրքով չթույլատրված որեւէ արարք: Ավելին՝ ես ունեմ մշտական բնակության վայր, ընտանիք, այդ թվում՝ անչափահաս երեխա, մասնագիտություն եւ մշտական աշխատանք: Այսպիսով, բացակայում են Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը: Միաժամանակ դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս քրեական գործով խափանման միջոց ընտրելիս մեղադրանք առաջադրված անձանց նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք, որը ինչպես իրավական հիմնավորումներից, այնպես էլ տրամաբանությունից դուրս է (իմ՝ իբրեւ որպես հանցագործությանը օժանդակողի արարքիս բնույթն ու վտանգավորության աստիճանն ավելի մեծ է, քան այն անձինը, ում իբրեւ օժանդակել եմ): Կրկին հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում իմ գործողություններով ինձ վերագրել գոյություն չունեցող, անգամ ենթադրություններից զուրկ արարք եւ առանց խափանման միջոցի առկայության էլ ամբողջ դատաքննության ժամանակ կդրսեւորեմ պատշաճ վարքագիծ: Վերոգրյալ իրավական եւ փաստական հանգամանքները հիմք ընդունելով’ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ հրատապության կարգով քննության նշանակել սույն միջնորդությունը եւ վերացնել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այսօրինակ միջնորդություն է ներկայացրել մեղադրյալներից Արտյոմ Սարգսյանը եւս, եւ դատարանը բավարարել է նրանց միջնորդությունները եւ վերացրել խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Իսկ, ահա, ԱԺ նախկին նախագահի որդու խափանման միջոցը շարունակում է մնալ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ի դեպ, այս գործը դատարան է մտել 2020 թվականի սեպեմբերի 9-ին, եւ շուրջ երկու տարի է, ինչ քննությունը շարունակվում է, մինչդեռ մեղադրյալները հայտնվում են բազմաթիվ խնդիրների առաջ»:
Ք. Մ.
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2018թթ. ընթացքում քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Այսպես, վերջինս, ի պաշտոնե տեղյակ լինելով Արմավիրի մարզպետի կողմից հիմնադրված բարեգործական հիմնադրամի մասին, մեկ միասնական դիտավորությամբ քաղաքացիներին տրամադրել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը եւ ուղղորդել վճարումներ կատարել՝ վերջիններիս մոտ ստեղծելով տպավորություն, որ այդ վճարումներն օրինական են եւ իրականացվում են համայնքներից՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչություն ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխման, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում մարզպետարանից առարկություն չներկայացնելու համար: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
Ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները պարզել են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում՝ Մեղրաձոր համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր 49-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, այնուհետեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ԿԻԲԵՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արցախի ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օգոստոսի 8-ին ստացվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Արցախի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ըստ դիմողի՝ ս.թ. օգոստոսի 7-ին անհայտ անձը համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին եւ նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։ Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։