ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ապարանի կրակոցներից մեկ ամիս անց եւ դեռ ավելին՝ կրակոցների հետեւանքով օրերս երրորդ անձի մահվանից հետո Արագածոտնի քննչականի պետին ազատեցին պաշտոնից:
Դատելով իրավիճակից՝ նրան այլ պաշտոնի տեղափոխեցին, որպեսզի ազատումը չկապեն այնտեղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների եւ դրա հետեւանքով երեք անձի սպանության դեպքի հետ:
Օգոստոսի 8-ին կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Տպավորությունն այնպիսի է, որ սովորական աշխատաքայինն տեղափոխություններ են, սակայն իրավիճակը մարզում շարունակում է լարված մնալ, եւ այս ֆոնին իրավապահները փոփոխություններ են անում, նոր կադրեր նշանակում՝ այդ քայլով փորձելով վերահսկել իրադրությունը:
Ի դեպ այս աղմկահարույց սպանությունից երեք օր հետո ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը:
Ք.Մ