ԴԱՎԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերձորն ու հարակից եւս երկու գյուղ առաջիկայում Ադրբեջանին կհանձնվեն։ Բնակիչներն արդեն սկսել են հանել իրենց գույքը։ Հասարակությունն այս ամենին հետեւում է լուռ, առանց որեւէ քայլ ձեռնարկելու։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը որեւէ քայլ չեն ձեռնարկում այս մասով։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։

 

-Արցախի Աղավնո ու Բերձոր համայնքները, փաստորեն, առանց որեւէ արգելքի, անցնելու են Ադրբեջանին։ Իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունն առհասարակ, բացի մեկը մյուսին քննադատելուց, այլ քայլեր չեն անում կամ գուցե անում են, պարզապես այդ մասին չեն բարձրաձայնում։ Կա՞ նման գործընթաց։

-Նախ կարծում եմ՝ անթույլատրելի է ընթացող գործընթացներում փաստացի իշխանության եւ որեւէ այլ սուբյեկտի ունեցած պատասխանատվության եւ մեղավորության հավասարեցումը։  Մենք պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ փաստացի իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե որեւէ բան չեն անում իրավիճակը շտկելու համար, այլ հերթական դավադիր պայմանավորվածության արդյունքում սեփական ժողովրդին կանգնեցնում են փաստի առջեւ։

Ինչ վերաբերում է քաղաքական եւ այլ դերակատարներին, վստահ եմ, որ այս օրերին ազգային մտածողություն ունեցող ցանկացածն ուժերի ներածին չափով փորձում է օգնել։ Այո, կարող է այնպես լինել, որ իրականացվող աշխատանքների մի մասը նաեւ լինի ոչ հրապարակային. ամեն արվածի մասին չէ, որ հարկավոր է գոռալ։

-Հայտնի է, որ Աղավնո գյուղը վերակառուցվել էր սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, հատկապես գործուն դերակատարում են ունեցել դաշնակցականները՝ դեռ չասած, որ գյուղապետն ինքն էլ դաշնակցական շրջանակներից է։ Այս իմաստով ակնկալիքները ՀՅԴ-ից շատ ավելին էին կամ են։ Ի դեպ, գյուղապետը մինչեւ վերջին պահը վստահեցնում էր, թե գյուղից, ինչ էլ լինի, դուրս չեն գալու՝ մահ կամ ազատություն սկզբունքով։

-Այո, ՀՅԴ գործուն ջանքերով եւ ներդրումներով գյուղը վերակառուցվել եւ վրաբնակեցվել է։ Արցախյան ազատամարտից հետո ազատագրված տարածքները եղել են մեր հատուկ ուշադրության կենտրոնում։ Չեմ կարծում, որ կա որեւէ բան, որը կարող էր անել իշխանության չգտնվող ուժը Աղավնոյի համար, որը մենք չենք արել։ Այստեղ բոլորս խնդիր ունենք գիտակցելու, որ երբ դավադիր պայմանավորվածությամբ հանձնվում է  այս կամ այն տարածքը, մեղավորներ պետք է փնտրել պայմանավորվածություն ձեռք բերողների մեջ, ոչ թե մեղադրել բոլորին, բացի հանձնողներից։

Ինչ վերաբերում է Աղավնոյի դաշնակցական գյուղապետին, վստահ եմ, որ նրա՝ առանց չափազանցնելու հերոսական դիմադրությունը դեռ օրինակ է լինելու եւ ոգեւորելու է շատերին։ Անդրանիկ Չավուշյանը պետք է բոլորիս, նա այս անհույս ու անլույս թվացող օրերի սակավաթիվ հույսի ճրագներից է, որը արել եւ շարունակում է անձնազոհաբար անել ամեն ինչ Աղավնոյի համար։ Անընդունելի եմ համարում այս համատեքստում նրան որեւէ կերպ թիրախավորելը կամ ակնարկելն անգամ, որ ինքը կարող էր ավելին անել, բայց չի արել։

-Անգամ եթե մտածենք, թե Հայաստանն իր ռազմական արսենալով չէր կարող պայքարել երկու բնակավայրերի պաշտպանության ու պահպանության համար, այդուհանդերձ ո՞ւր մնաց դիվանագիտությունը, որ կարող էին ու պետք է բանեցնեին թե՛ իշխանավորները, թե՛ ընդդիմադիրները։

-Կրկնում եմ՝ անընդունելի է այս համատեքստում փաստացի իշխանությունների եւ որեւէ այլ սուբյեկտի դրերակատարության եւ մեղավորության համեմատումն անգամ։ Ի տարբերություն փաստացի իշխանության ներկայացուցիչների՝ ընդդիմադիրներն այս ողջ ընթացքում ջանքեր չեն խնայել բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնելու Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները եւ թշնամիների հայատյաց եւ ֆաշիստական քաղաքականության դրսեւորումները։ Դրանց բոլորին ի պատասխան՝ փաստացի իշխանությունների կողմից մշտապես հնչում են հավաստիացումներ, որ երկու ժողովուրդների միջեւ համակեցությունը հնարավոր է, եւ որեւէ վտանգ այդտեղ իրենք չեն տեսնում։

-Ի՞նչ անել, որ ՀՀ ու Արցախի մյուս բնակավայրերը հանկարծ  նույն ճակատագրին չարժանանան, չմասնատվի մեր բռաչափ երկիրը։

-Երկրում իրականացնել իշխանափոխություն։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին  առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»:

 

Ինչպես հայտնի է, նա ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս էր եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Ի դեպ, այդ մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Քաջարան, իսկ Փարամազյանն էլ նրան ծաղիկներ էր նվիրել։

Թե ինչու էր Փարամազյանը դուրս եկել Վահե Հակոբյանի կուսակցությունից, մանրամասներ հայտնի չդարձան։ Հայտնի է, որ Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե՛ որպես վարչության անդամ, թե՛ որպես կուսակցության անդամ առհասարակ:

Հավելենք, որ մինչեւ Վահե Հակոբյանի կուսակից լինելը Մանվել Փարամազյան անցնում էր քրեական գործով. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Այս պահին նա ազատության մեջ է:

 

 

 

ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Այս նորությունը հանրության կողմից մեծ տհաճությամբ ընդունվեց: Պարզվում է՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում եւ Երեւանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40… +42 աստիճանի։ Հաշվի առնելով սա՝ տեղեկացնենք, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրել հատուկ ընդմիջումներ՝ հովանալու եւ հանգստանալու համար: Բացի այս, աշխատավայրում պետք է ապահովվի թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի վայրեր: Նաեւ հաշվի առնելով աշխատանքային պայմանները՝ աշխատողներին պետք է ապահովել նաեւ անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արեւային ակնոցներ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները` մինչեւ 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տեւողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Ի դեպ, հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն նաեւ, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:

 

 

 

ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների եւ օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» (World Press Freedom Index) տարեկան զեկույցը:  Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Մինչդեռ վարկանիշային աղյուսակը եզրափակում է հետեւյալ տասնյակը՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմար, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 68.97 միավորով 51-րդ տեղում է՝ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից:

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բեւեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ», – Հայաստանի վերաբերյալ գրել են զեկույցի հեղինակները:

 

 

 




Լրահոս