Պաշտպանության նախարարության շենքի մոտ երեկ հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողները, որոնք շուրջ յոթ ժամ սպասեցին, բայց այդպես էլ չկարողացան հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Ծնողները մեկ պահանջ ունեին ընդամենը եւ ուզում էին հասկանալ, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց զավակները։
«Հերոսածին ծնողներով հավաքվել ենք այստեղ, որոնցից ամեն մեկը հայրենիքի համար տվել է իր որդուն: Այսօր եթե նախարարը չի ընդունում մեզ, ապա ո՞ւմ է ընդունելու», – լրագրողների հետ զրույցում նշեց նրանցից մեկը:
Որդեկորույս ծնողները վերջին անգամ հուլիսի 29-ին էին նույն պահանջով եկել նախարարություն։ Մի քանի ժամ սպասելուց հետո նրանց ընդունել էր նախարարությունից մի պաշտոնյա, խոստացել 3 օրվա ընթացքում առերեսում կազմակերպել իրենց որդիների անմիջական հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Հանդիպումից արդեն 13 օր է անցել, բայց ծնողները պաշտպանական գերատեսչությունից որեւէ արձագանք չունեն։
Երեկ՝ մի քանի ժամ սպասելուց հետո, մեկ այլ պաշտոնյա իջավ՝ ծնողներին փոխանցելու, որ նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունն անհնար է կատարել, քանի որ ՊՆ-ն առերեսում կազմակերպելու իրավունք չունի։ Այս ընթացքում մի քանի անգամ իրավիճակը լարվեց, երբ ծնողները փորձեցին մտնել նախարարության ընդունարան եւ այնտեղ սպասել նախարարին։
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող զինվորները պատերազմի 27-րդ օրն էին տեղափոխվել Մարտունի՝ Ուրյան բարձունքը պաշտպանելու։ Պնդում են՝ դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի բաց երկնքի տակ անորոշ ու փակուղային իրավիճակում, ինչի հետեւանքով 34 զինծառայողները զոհվել են:
11-րդ վաշտի ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ասում է՝ իրենց զայրացրել է հատկապես այն, որ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանն առաջին աստիճանի «Մարտական խաչ» է ստացել այն դեպքում, երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված իրենց զավակների մահվան փաստով։ Մինչեւ օրս, սակայն, քրեական գործով մեղադրյալ չկա, միայն մի քանի անգամ կողմերն են հարցաքննվել. «Ինքը պարտավոր էր որպես հրամանատար իր պարտականությունները կատարել, որը չի կատարել: Չեմ ասում` թերի է կատարել, այլ չի կատարել, ավելի ապահով տեղ է եղել, քան մեր տղաներն են եղել»:
Երեկ 5-րդ անգամն էր, որ ծնողները հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ։ Նրանցից միայն երկուսին օրվա վերջում՝ ժամեր շարունակ սպասեցնելուց հետո, ընդունել է նախարարի օգնականը եւ ասել, թե առաջակայում կտեղեկացնեն նախարարի հետ հնարավոր հանդիպման մասին։
Ն. Հ.
ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետեւում. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիեւը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Փողոցների երթեւեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:
ԿԶՈՐԱՑՐՎԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:
«ՁԵՎ 5» ՎԿԱՅԱԿԱՆԸ
ՀՀ սննդամթերքի եւ ՀՀ ոստիկանության վերահսկողությամբ մեկնարկել է ուժեղացված գործընթաց՝ անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ, որի ընթացքում Երեւան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ կանգնեցված եւ ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3-ն են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական «Ձեւ 5» վկայականը:
ՀԱՐՈՒՑԵԼ Է ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: Վարույթները հարուցվել են այն առերեւույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-Ն ՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շահեն Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Երեւանի տարածքային թիվ 5 տեղամասի մասնագետ-տեսուչ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ 2019 թվականի հունվար ամսից մինչեւ 2019թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում՝ գործով չպարզված ամիսներին եւ օրերին, իր կողմից սպասարկվող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 1.998.801.07 ՀՀ դրամ գումարը:
Այս գործով դատարանը կայացրել է որոշում եւ Շահեն Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք՝ 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Դիմում` դատարան
Ուշագրավ իրավիճակ՝ Արդարադատութան նախարարությունում. աշխատակիցներն իրենց արձակուրդի դիմաց տրամադրվող վճարը փորձում են ստանալ դատարանի միջոցով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարարությանը հօգուտ իրեն վճարել 1.081.546,46 ՀՀ դրամ, որից՝ 540.773,228 ՀՀ դրամը՝ որպես չտրամադրված արձակուրդի վճար, իսկ 540.773,228 ՀՀ դրամը՝ որպես չտրամադրված արձակուրդի նկատմամբ հաշվարկված տույժ բռնագանձելու վճար:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Մեզ հայտնի դարձավ, որ Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ. հունիսից մինչեւ 2021 հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է թվով 4 անձանց՝ ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն:
Բացի այդ, թաքցնելով իր իրական ինքնությունը, ներկայանալով այլ անձի անվան տակ՝ 2020թ. հուլիսին հավաքել եւ պահել է մարդու անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, առանց նրա համաձայնության, որոնք նախատեսված չեն եղել օրենքով:
Բացի այդ, Ռոման Դավթյանն անձնական տվյալներ հավաքելու արդյունքում իր մոտ ստացված եւ պահվող իգական սեռի անձի մերկ պատկերով տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով անզգուշությամբ 2021թ. փետրվարի 21-ին այդ անձին հասցրել է ինքնասպանության փորձի: