ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:

 

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն՝  օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները  Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն  իրականացնելիս լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա եւ մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետեւել են եւ հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով: Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել եւ հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են եւ թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասել են այն. միայն օգնության հասած կարգախմբի հետ միասին  է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, որոնք Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 եւ 32 տարեկան: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սեւան-Երեւան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ եւ կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր. նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:  Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Բացահայտվել է վառելիքի խոշոր ներմուծողների կողմից նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու, ինչպես նաեւ առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարման փորձ։

 

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծումներ  իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական եւ ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի եւ դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ նախօրոք մշակում են մեխանիզմներ եւ փորձում իրացնել դրանք։  Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի եւ դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։  Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձեւակերպումների, դրանք  վերավաճառել  են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ խոշոր ներկրող կազմակերպություններից որոշներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձեւակերպել են, որ դրանք տեղափոխել եւ վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով եւ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների եւ տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։ ՊԵԿ  հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող կազմակերպություններին հորդորում  է ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու  հարկման բազաները, ինչպես նաեւ դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը եւ պահպանել հարկային կարգապահությունը։

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԿԱԼԱՆՔԸ

Դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի գլխավորությամբ, բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, եւ դատախազ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը կալանավորվել էր: Դատախազ Կորյուն Ներսիսյանն կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը:

 

 

 

ԴԻՄՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկը մյուսի հետեւից դիմում են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին աշխատանքում: Մասնավորապես, Նարինե Սահակյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը 03.06.2022թ. հրամանն անվավեր ճանաչի, իրենց զբաղեցրած պաշտոնում վերականգնի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում, պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով՝ սկսած 03.06.2022թ. մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, հատուցում պարտավորեցնի եւ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձի իր միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցում: Նմանօրինակ հայցով դիմել է նաեւ Լիլիթ Հարությունյանը:

 




Լրահոս