ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ: Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:

 

Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարեւորության, 1988 թվականի երկրաշարժի, արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաեւ «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները եւ հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Անտուան Ագուջյանը մեծ ցնցում է ապրել նաեւ 1988 թվականին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին: «Այդ ժամանակ մենք դիտում էինք «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները դեպքի վայրից: Շատ էմոցիոնալ վիճակում էինք, երբ Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ օգնություն ցույց տալու: Մենք եւս ուզում էինք ինչ-որ կերպ աջակցել: Ժամանեցի Հայաստան եւ մեկ տարի մնացի այստեղ: Հենց այդ շրջանում սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, բայց՝ սիրողական: Լուսանկարում էի արտասահմանյան կազմակերպությունների համար: Երբ վերադարձա Ֆրանսիա, իմ աշխատանքների հիման վրա գիրք-ալբոմ հրատարակվեց: Այդպես սկսվեց իմ պատմությունը»,- ասում է լուսանկարիչը:

Հենց այդ շրջանում է Ագուջյանը որոշել լուսանկարչության միջոցով աշխարհին պատմել հայերի, հայերի ժառանգության մասին: 2000 թվականից սկսել է գնալ տարբեր երկրներ, որոնցում հնարավոր է եղել հայկական հետք գտնել: Եղել է Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում, Թուրքիայում: Լուսանկարել է պատերազմներ, հակամարտություններ եւ իր աշխատանքները վաճառել է միջազգային լրատվականներին: Ասում է՝ միշտ հետեւել ու լսել է փոքրիկ ուրվականներին՝ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք իր հետ են: Ագուջյանը լուսանկարչությունը համեմատում է լեռ բարձրանալու գործընթացի հետ. կա՛մ պետք է մինչեւ վերջ բարձրանալ, կա՛մ իջնել: Ինքը որոշել է մինչեւ վերջ բարձրանալ ու ստեղծել իր յուրահատուկ աշխարհը:

«Շատ եմ պատմություն կարդացել, որովհետեւ այն վայրերը, ուր պետք է գնայի, կապ ունեին մեր պատմության հետ: Այդպես հասունացա ու այժմ կարող եմ ազատ խոսել»,-նշում է լուսանկարիչը, որն իր հայրենակիցների կողքին է եղել նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:

Նա ցանկանում է ավելի հաճախ լինել Հայաստանում, շատ աշխատել. լուսանկարչությունից զատ, այլ բանով զբաղվել չի ուզում: Խոստովանում է՝ լավ է իրեն զգում հայ ժողովրդի հետ: Մտադիր է «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» ցուցահանդեսը, որը հունիսին ներկայացրեց Երեւանում, ցուցադրել նաեւ Արցախում: «Շատ նպատակներ ունեմ ու պետք է շարունակեմ հետաքրքիր լուսանկարներ անել: Եթե հարյուր տարի անց հայազգի կամ օտարերկրացի պատմաբանները, սոցիոլոգները ցանկանան հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ, հնարավոր է՝ նաեւ իմ լուսանկարներից եւս օգտվեն»,- նշում է Անտուան Ագուջյանը:

Նա վստահեցնում է, որ շարունակելու է լուսանկարել այնքան, քանի դեռ հնարավորություններ կան դա անելու, քանի դեռ ուժերը ներում են:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՕՐԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիում օգոստոսի 26-ին եւ 27-ին Երեւանի օրեր են: Երկու օր շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երեւանյան շունչը, իսկ մինչ այդ՝ այս պահին, Երեւանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր: Երեւանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը: Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը, կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:

«Մեծ ծավալի միջոցառում է, որը ցույց կտա սիմֆոնիկ նվագախմբի հնարավորությունները եւ «Ռեինկարնացիա» խմբի շատ սիրված համերգացանկը: Մեծ սիրով հրավիրում եմ մեր շատ սպասված համերգին. կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որ մարդիկ գան Գյումրի, լսեն երաժշտություն: Երաժշտությունը կարող է մարդկանց միավորել եւ դրդել, որ գան: Մեծ սիրով բոլորին սպասում ենք»,-նկատում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը: «Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե՛ Երեւանից, թե՛ մարզերից, հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք, եւ ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Էրեբունի-Երեւանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված:

Մշակութային ապակենտրոնացումն այս անգամ Գյումրիում է: Արվել է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանի օրերն առանձնանան ինքնատիպ ու հետաքրքիր ծրագրերով:

«Ակնկալում ենք հյուրեր ամբողջ աշխարհից, որ գան, լավ օրեր անցկացնեն, տեսնեն մեր տեսարժան վայրերը, մշակույթը, նիստ ու կացը, վայելեն գյումրեցու աղուհացը: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու բացառիկ միջոցառմանը, որից, վստահ եմ, այնպիսի տպավորություներով կհեռանան, որպիսիք երբեք ոչ մի տեղ չեն զգացել»,- նշում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությանը: Օգոստոսի 9-ին թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) եւ Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ):

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) եւ Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաեւ թիմային խառը 4×100 մ ազատ ոճում: Թիմը հանդես կգա Արման Վահանյանի գլխավորությամբ:

Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը Արթուր Բարսեղյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին եւ ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում:

 

 

 

ՓԼԵՅ-ՕՖՖ ՓՈՒԼՈՒՄ

Երեւանի «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ»-ը, իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» եւ ավարտեց իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ «Փյունիկը» հանդես կգա Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։ Վերջինս Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջեց Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։ «Փյունիկ» – «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին Երեւանում, պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին, Մոլդովայում։

 

 

 

4 ՄԵԴԱԼ՝ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ

Օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ Գնդակային հրաձգություն սպորտաձեւի 2022 թվականի 10մ, վազող թիրախ մրցաձեւի Աշխարհի առաջնությունը: Հայ հրաձիգներն ընդհանուր հաշվով նվաճեցին 4 մեդալ.

o             մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան` 3-րդ տեղ, Արուսյակ Գրիգորյան` 3-րդ տեղ,

o             երիտասարդներ` Գոռ Խաչատրյան` 1-ին տեղ, Գոհար Հարությունյան` 3-րդ տեղ:

Թիմին ուղեկցեց ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

 

 




Լրահոս