Արագածոտնի մարզի Ագարակավան համայնքում Ասատրյանների ընտանիքի մտահաղացմամբ և հովանավորչությամբ երեկ տեղի ունեցավ խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողություն: Խաչքարը նվիրված էր 1915-2020թթ-ի նահատակների հիշատակին:
Խաչքարը տեղադրելու մտահաղացումն արտերկրում բնակվող Ասատրյանների մոտ եղել է դեռ շատ վաղուց: Ավելի քան 20 տարի ապրելով Գերմանիայում՝ Ասատրյանների ընտանիքը միշտ ցանկացել է լավ բան անել հայրենիքի համար:
Կարեն Ասատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մտահաղացումը Աստված է իրեն տվել, միշտ ցանկացել է իր ազգի համար լավ բան անել և վերջապես կարողացել է իրականացնել իր երազանքը:
Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի պաշտոնակատր Տավրոս Սափեյանը, մշակույթի գործիչներ և այլք, ովքեր նաև հանդես եկան ելույթներով:
Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեցին մշակույթի գործիչները, որոնք ազգային երգ ու պարով համեմեցին օրը:
Օրը խորհրդանշական էր նաև, քանի որ այն համընկավ Տիրամորը նվիրված Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի հետ: Բնակիչների համար նաև կազմակերպվեց հյուրասիրություն:
Հատկանշական է նաև, որ խաչքարի հետնամասում տեղադրված է Հայկական բնաշխարհի քարտեզը՝ Մեծ և փոքր Հայք նահանգներով հանդերձ:
Հավելենք, որ միջոցառման վերջում որոշում կայացվեց Ագարակավանում ամեն տարի օգոստոսի 14-ը նշել որպես ուխտի օր՝ համախմբելով գյուղի բնակիչներին:
Լիաննա Խաչատրյան Հովսեփ Հովսեփյան