ԱՅՍՕՐ ՀԱՊԱՂՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն անթույլատրելի է համարում, որ հայկական կողմը միազգային իրավունքին այս չափ անլուրջ կամ հարեւանցի է վերաբերվում: Ըստ նրա՝ միջազգային հարթակներում ու դատարաններում մի շարք գործիքներ կան, որոնցով կարելի է պայքարել թե՛ պատերազմի հետեւանքով տուժած մարդու իրավունքների, թե՛ առհասարակ պետության համար: Իրավաբաբանի համոզմամբ՝ միջազգային իրավունքից բխող դրույթները մենք հավուր պատշաճի չենք կիրառում:

 

-Հայաստանն ու Արցախը լուռ, առանց որեւէ դիմադրության պատրաստվում են հերթական զիջմանը։ Այս անգամ խոսքը Բերձորի, Սուս ու Աղավնո գյուղերի մասին է։ Ի դեպ, դիմադրությունը միայն զենքով պաշտպանությանը չի վերաբերում, այլ դիվանագիտությանն ու նորմերին, որոնց կարող էինք հղում անել։ Միջազգային հարթակներում հնարավո՞ր է կռիվ տալ օրենքի ու դիվանագիտության լեզվով։

-Այո, ճիշտ եք ասում, որ առանց դիմադրության  հերթական զիջումն է տեղի ունենում, եւ սա այն խայտառակ զիջումն է, որ պատմության առաջ պետք է պատասխան տան ոչ միայն առանձին անհատներ, այլ ամբողջ ժողովրդով: Մեր հանրությունն այս ամենն ընդունում է նույնկերպ, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ մեր հողերի մեծ մասը զիջվեց թուրքական պետություններին: Դրա պատճառն այն է, որ շատերը պատրաստ չէին իրենց կյանքի գնով  պաշտպանել հայրենի հողը: Բացի զենքի ուժով խնդիր լուծելուց, ճիշտ նշեցիք,  դիվանագիտական եւ իրավական հարթակներում  եւս աշխատանք չի տարվել: Ոչ միայն հնարավոր է այդ աշխատանքը տանել, այլ պարտադիր է այդ ամենը անել, որովհետեւ ցանկացած ազգային հողի հետ կապված շահ առաջ տանելու համար բոլոր գործիքները, զենքերը պետք է օգտագործենք՝ դա կլինի մարտի դաշտում, թե դիվանգիտական ու իրավական դաշտերում: Տարիներ շարունակ այս դիվանագիտությունը չի օգտագործվել եւ հիմա էլ չի օգտագործվում: Շատ անգամ նշել եմ, թե ինչպես դրանք օգտագործել. մենք ունենք  դատական, իրավական գործընթացներ սկսելու լայն  հնարավորություններ, 5-7 կոնվենցիա այս պահին, որոնք վավերացված են Հայաստանի եւ Ադրբեջանի  կողմից, որոնց շրջանակներում կարող են դատական գործընթաց սկսել: Դիվանագիտական հարթակներում երբ որ բարձրաձայնվի էթնիկ զտումների առկա վտանգը,  միջազգային հանրության գործընկերները եւ  միջազգային կազմակերպություններ ինչ-որ կերպ դրան կարձագանքեն: Պետք չէ 1-2 փորձից հրաժարվել դիվանագիտական հարթակները արդյունավետ օգտագործելուց:

-2018-ից հետո Հայաստանը պատերազմի ոճրագործությունների մասով դիմել է եվրոպական ատյաններ, բայց մեր ունեցած զրույցներում մեկ անգամ չէ, որ փաստել են՝ մի շարք դրվագներով ու նորմերով հայկական կողմը հապաղել է։ Մեր բարձրաձայնումները որեւէ ազդեցություն թողե՞լ են, թե՞ ամեն բան շարունակում է մնալ այնպես, ինչպես կար։

-Մենք  դիմել ենք տարբեր հարթակներ, այդ թվում՝ նաեւ դատական ատյաններ, խնդրել ենք, որ գործիքակազմ օգտագործվի  Ադրբեջանին զսպելու համար: Հայկական կողմը արդյունավետորեն չի օգտագործում միջազգային հարթակները, եւ դա  նոր բան չէ: 2018թ.-ից այս կողմ էլ եւ դրանից առաջ էլ չի եղել, եւ պատճառները եղել են տարբեր: Այսօր հապաղումն ակնհայտ է, իսկ թե ազդեցություն թողել են մեր բարձրաձայնումները հատկապես ԶԼՄ-ներով, ապա շատ չնչին:

– Ի տարբերություն մեզ՝ օրինակ՝ միջազգային ահաբեկչությունների կազմակերպման կամ հրահրման մասով ի՞նչ է արել Ադրբեջանը, նրանք ինչպե՞ս են աշխատում այս ֆրոնտում։

-Ադրբեջանը  միջազգային ահաբեկչության կազմակերպման  եւ  հրահրման մասով իր աշխատանքները կատարել է դեռեւս արցախյան պատերազմից սկսած: Երբ որ նա վարձկաններ էր բերում եւ մարտի էր հանում ընդդեմ հայկական ուժերի, նրանց գումար էր տալիս, դրանով իսկ խթանում է ահաբեկչության տարածումը, որովհետեւ դա շահագրգռում է այլ ահաբեկիչների՝ որպես վարձկան գրանցվելու եւ վարձկանական ծառայություններ մատուցելու: Կապ չունի՝ դու որտեղ ես վճարում վարձկանին, այդ արարքով ամբողջությամբ նպաստում ես միջազգային ահաբեկչության տարածմանը: Վաղ թե ուշ նրանք այդ գումարի դիմաց մատուցած ծառայությունները կկիրառեն մեկ այլ պետություններում: Ադրբեջանի ջանքերով ահաբեկչությունը ոչ թե նվազում է, այլ ավելանում է:

-Շատերն այն տեսակետին են, որ միջազգային հարթակներում եթե անգամ գործընթաց սկսեինք, ապա դա որեւէ արդյունք չէր տա, ու Ադրբեջանն ուժով կհասներ իր նպատակներին։

-Շատ եմ լսել, որ քաղաքական գործիչները, որոնք որ դիվանագիտական եւ իրավագիտական գիտելիքներից կաղում են, փորձում են դիվանագիտական հարթակներում գործ չսկսել՝ պատճառաբանելով, որ արդյունք չեն տալիս: Չեն զբաղվում միջազգային իրավունքներով, այլ գնում եւ զբաղվում են այլ մասնավոր իրավունքներով, եւ այդ ռեսուրսը կորչում է: Հույսը դնում են մեր գործընկերների վրա, ինչը, բնականաբար, արդյունք չտվեց, դրա համար մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք,  եթե անգամ կասկածում ենք, որ ապագայում արդյունք չի տալու:  Չօգտագործել մեր ռեսուրսները ոչ մի կերպով չի կարող արդարացվել, հատկապես որ մեր գալիք սերունդը այդ հարցը պետք է տա. «Եթե դուք ունեցել եք այդ լծակները, ինչո՞ւ չեք օգտագործել»:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱՆԱԿՑԵ՞Լ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՉՀԱՆՁՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը:

 

Բոլորիս ուշադրության կենտրոնում է ցավալի իրականությունը, որ մինչեւ օգոստոսի 25-ը Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների բնակիչները պետք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Առանց պայքարելու Նիկոլ Փաշինյանի՝ ապագա խոստացած իշխանությունը հող է հանձնում թշնամուն՝ նվազեցնելով մեր հայկական պետությունների անվտանգության մակարդակը։ Իշխանությունը առանց մի փամփուշտ կրակոցի հանձնեց նաեւ Քարվաճառը, որտեղ պատերազմի օրենքով թշնամին չէր կարողացել առաջ գալ, եւ կարող էինք պահպանել մեր հայրենիքը. չարվեց:

Իշխանությունների այս անտարբեր վերաբերմունքը մեր հայրենիքի տարբեր հատվածների (այդ թվում՝ ձնառատ սարերի) նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է՝ Արցախը ամենեւին էլ արժեք չէ այս մարդկանց համար: Նրանք տարանջատեցին մեր երկու պետությունները…

Գրություն եմ ուղարկել Ն. Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե այս համայնքների հանձնումը ում կողմից է համաձայնեցվել եւ իրավական ուժ ունեցող ինչ փաստաթղթի հիման վրա է իրականացվում։ Առ այսօր ՀՀ կառավարությունը չի հայտնել նաեւ, թե արդյոք բանակցել է նշված համայնքները չհանձնելու շուրջ, ինչ արդյունքներ են արձանագրվել։ Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ, ընդհակառակը, տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում: Մեկ այլ խնդիր է նաեւ պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը՝ առ այն, թե արդյոք ՀՀ կառավարությունը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ադրբեջանական վայրագները չեն վնասի նշված համայնքների պատմամշակութային ժառանգությունը, գերեզմանները։

ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում տարհանման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, ուստի պատրաստվում եմ դիմել նաեւ միջազգային գործընկերներիս Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների հանձնման ժամկետների երկարաձգման հարցով. չգիտեմ` ինչ կստացվի, բայց վերջին քայլն է, որ կարող եմ անել իբրեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»։

 

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանին գումար է հատկացնելու: Խոսքը 42 մլն 700 հազար դրամի մասին է: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 10-ից Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Մինչեւ հուլիսի 10-ը գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահին եւ անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվել է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, որի ընդհանուր չափը չէր կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Փաստորեն, կառավարությունը որոշել է բարձրացնել հավելավճարի չափը՝ չնայած այն հանգամանքին, որ ՍԴ ե՛ւ նախագահը, ե՛ւ փոխնախագահը բավականին բարձր աշխատավարձ են ստանում:

 

 

 

Covid 19-ԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 687 ՄԱՐԴ

Հայաստանում այս տարվա վեց ամիսներին Covid 19-ից մահացել է 687 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կորոնավիրուսը 2185 մարդու կյանք է խլել: Մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է մահացածների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մահվան հիմնական պատճառների ցանկը: Բնականաբար, մահվան հիմնական պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մահացել է 8102 մարդ: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-հունիս ամիսներին մահացել է 2652 մարդ, իսկ այս տարվա 6 ամիսներին այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 2573: Ճիշտ է, այս ցուցանիշը 3 տոկոսով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց, միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը: Բացի այս, նկատենք, որ շնչառական օրգանների հիվանդությունից մահացել է 1356 մարդ. այս ցուցանիշն աճել է 8.1 տոկոսով: Դժբախտ պատահարներից, թունավորումներից մեր հանրապետությունում այս տարվա վեց ամսիներին մահացել է 461 մարդ:

 

 




Լրահոս