Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ եւ լրացումներ, կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է հատկացվելիք գումարով 3 ճանապարհատվածում իրականացնել կամ ավարտել շինարարարական աշխատանքները: Դրանցից մեկը Լոռու մարզում է՝ Ստեփանավան-Յաղդան կոչվող հատվածում. 8.1 կմ ճանապարհից այս տարի կնորոգվի 6 կմ-ը, 2 կմ ասֆալտապատումը կարվի հաջորդ տարի, մյուսը Սիսիան-Դաստակերտ (Դաստակերտ, Տորունիք, Տոլորս) հատվածն է, եւ երրորդը՝ Տաթեւ-Աղվանի հայտնի ճանապարհահատվածի մեկ կտորը՝ 17.5 կմ: Նախարարը նշել է, որ վերջին ճանապարհահատվածում առաջ եկած թերությունները վերացվել են, այժմ վերին շերտն է տեղադրվում: Նախատեսված է 2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ գումար, որից 2 մլրդ 689 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար է, 25 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական հսկողության, 19 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:
ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ այժմ 500 մետրից էլ պակաս ճանապարհահատված է մնացել, եւ հավանաբար վաղն այդ հատվածում այլեւս փոսեր չեն լինի, այն ամբողջովին ասֆալտածածկ կլինի: Սկսվել է երրորդ շերտի տեղադրման գործընթացը. 5.8 կմ արդեն տեղադրվել է, աշխատանքը շարունակվում է: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք շտկումներից հետո այդ ճանապարհը կկարողանա նաեւ բեռնատար մեքենաներ սպասարկել, Գ. Սանոսյանը նշել է, որ գործնականում, այո, որոշ տեղերում խնդիրների քիչ հավանականություն կա, բայց կշեռքների համակարգի պատշաճ կիրառման դեպքում ճանապարհը կարդարացնի իրեն, քանի որ այն շարքից դուրս էր եկել՝ Կապան-Երեւան ուղղությամբ ծանրաբեռնված մեքենաների երթեւեկությամբ պայմանավորված:
Կառավարության ղեկավարը խնդրահարույց է համարել՝ նշելով, որ պետական բյուջեի ծախսային հատվածը վերլուծելիս կապիտալ ծախսերում տեսնում ենք թերակատարումներ, եւ պետք է հասկանալ, որ այստեղ միայն Կառավարությունը չէ, որովհետեւ, ըստ էության, կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնողը մասնավոր հատվածն է: «Մենք պետական շինարարական կազմակերպություն չունենք: Ընդ որում՝ այդ ցայտնոտային իրավիճակներն ազդում են նաեւ որակի վրա, որովհետեւ, մի կողմից, պարտադրում ենք, որ ժամանակի մեջ մնա, եւ եթե ինքը ճիշտ ժամանակացույցով չի աշխատում, նաեւ որակի հետագա խնդիրներ ենք ունենում: Քանի նման դեպք ենք ունեցել, երբ պարզվել է, որ շատ լուրջ ծրագրերի հետ կապված որակի խնդիր կա: Եվ, ընդհանրապես, ճանապարհաշինական ստանդարտի հետ կապված խնդիր ունենք: Բայց, մյուս կողմից էլ, չենք կարող ասել՝ ամբողջ երկրում շինարարությունը դադարեցնում ենք, մինչեւ ստանդարտ ունենանք, որովհետեւ ստանդարտը մեկ հարց է, դրան համապատասխանող ընկերություն ունենալը՝ մեկ այլ հարց: Այս հրապարակային քննարկումը նրա համար է, որ այդ ոլորտի նաեւ օտարերկյա ընկերությունները, պոտենցիալ ներդրողներն իմանան, որ հսկայական դաշտ ունենք, որտեղ հնարավոր է աշխատել: Սա կարեւոր առանձնահատկություն է եւ կարեւոր ուղերձ:
Ընդ որում, լուսավորության թեման նույնպես ցավոտ թեմա է: Ընդհանրապես, այս ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնենք, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել: Հուշարձանի լուսավորությունն առանձին ոլորտ է. գոյություն ունի լույսի դիզայն, լույսի դիզայներ, եւ պետք է անպայման ամեն ինչ, ինչ անում ենք, անենք պրոֆեսիոնալ մակարդակի»:
Նիստում ընդունվել են համանման մի քանի որոշումներ եւս՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության բարելավման եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման նպատակով:
ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
ԵՐԿԿՈՂՄ ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարեւորությունը: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները եւ ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑԸ
Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաեւը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ կետը ենթադրում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորքախմբի հետագա վերատեղակայմամբ։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում»,-ասել է նա։ Նեչաեւը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել հրադադարի ռեժիմը։
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ
Ուշագրավ զարգացումներ՝ օֆշորի հայտնի գործով դատախազ Դավիթ Վեքիլյանի կողմից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դատի տալու գործընթացից: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ դատախազ Վեքիլյանը ապրիլի 19-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի դատախազությանը ՀՀ գլխավոր դատախազի՝ 15 ապրիլի 2022 թվականի «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ 15 ապրիլի 2022 թվականի «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանին փոխադրելու եւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակելու մասին» հրամանը վերացնի: Արդյունքում դատարանը պահանջել է դատախազ Դավթյանից երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել 15.04.2022 թվականի` «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը եւ 15.04.2022 թվականի` «Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանին փոխադրելու եւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակելու մասին» թիվ 22 հրամանն ընդունելու համար հիմք հանդիսացած նյութերը:
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ապարանի կրակոցներից մեկ ամիս անց եւ կրակոցների հետեւանքով օրերս՝ երրորդ անձի մահվանից հետո, Արագածոտնի քննչականի պետին ազատեցին պաշտոնից: Դատելով իրավիճակից՝ նրան այլ պաշտոնի տեղափոխեցին, որպեսզի ազատումը չկապեն այնտեղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների եւ դրա հետեւանքով երեք անձի սպանության դեպքի հետ: Օգոստոսի 8-ին կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով, Սամվել Սիմոնյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Տպավորությունն այնպիսին է, որ սովորական աշխատանքային տեղափոխություններ են, սակայն իրավիճակը մարզում շարունակում է լարված մնալ, եւ այս ֆոնին իրավապահները փոփոխություններ են անում, նոր կադրեր նշանակում՝ այդ քայլով փորձելով վերահսկել իրադրությունը: Ի դեպ, այս աղմկահարույց սպանությունից երեք օր հետո, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով, աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը: