ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ դեռեւս 2015թ. հոկտեմբերին հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, որի շրջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ 2016թ. փետրվար ամսին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու եւ քննությունից թաքնվելու հիմքով:

 

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում 2021թ. մեղադրյալը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, եւ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, 2013-2015թթ. աշխատելով բանկերից մեկի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու, խարդախությամբ հափշտակել է համաքաղաքացու կողմից բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրված գումար: Մասնավորապես՝ ավանդատուն 2010թ. սեպտեմբերին նշված մասնաճյուղում մեկ տարի ժամկետով ներդրել է 50.000 եվրո գումարի չափով ավանդ, որից հետո բացակայել է հանրապետությունից եւ 2011թ. սեպտեմբերին բանկ չի ներկայացել: Բանկի աշխատակիցը, օգտվելով այդ հանգամանքից, որոշել է հափշտակել քաղաքացու ավանդի գումարը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միայնակ չի կարող հասնել իր նպատակին, բանկի աշխատակիցը, գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, մշակել եւ իրականացրել է խաբեության եղանակով նշված ավանդը հափշտակելու ծրագիր:

Այսպես, ավանդատուի բացակայության պայմաններում վերակնքել է ավանդի պայմանագիրը, որից հետո՝ 2014թ. սեպտեմբերին՝ ավանդի հերթական մարման օրը, ավանդը չի երկարաձգել, այլ մարել է երկու կեսով. 29.588.99 եվրո գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, իսկ 30.000 եվրո գումարը՝ հաճախորդի արտարժութային հաշվին:

Այնուհետեւ հաճախորդի անունից ներկայացրել է կեղծ բովանդակությամբ դիմում, որով, իբր, խնդրել է վերաթողարկել բանկային քարտը՝ այդկերպ ստանալով եւ տնօրինելով այն, իսկ որոշ ժամանակ անց՝ 2015թ. մարտին՝ մինչեւ պայմանագրային ժամկետի ավարտը, իրականացրել է ավանդի խզում եւ ավանդի գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, որից հետո խաբեության եղանակով ՀՀ-ում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 63.874 եվրո գումար եւ արտասահմանում հարազատի բուժման հարցերով զբաղվելու կեղծ պատրվակով աշխատանքից ազատվել է ու դիմել փախուստի՝ լքելով ՀՀ սահմանները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի աշխատակցին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ք.Մ.

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ Է ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 9-ին մահացած զինվորի քրեական վարույթով հարցաքննվում են զորամասի ողջ անձնակազմը:

 

Դեպքը եղել է Տավուշի մարզի զորամասերից մեկում: Նախաքննական մարմինը քննություն է տանում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Զինվորը այդ ժամանակ եղել է մենակ, ուստի առայժմ նախաքննական մարմինը որեւէ կասկած չունի, թե նրան հասցրել են այդ քայլին, ու նա ինքնասպան է եղել: Այս պահին քննիչները ստուգում են հանգամանքը՝ նրա այդ քայլը կապված է ծառայության հետ, թե անձնական խնդիր է:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «ԸԽԾ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական առիթ եւ հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի եւ անհրաժեշտ քննչական եւ վարութային այլ գործողություններ:

 

 

 

ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Armlur.am-ին հասած  բացառիկ  տեղեկությունների  համաձայն՝  Խաչատուր  Քոքոբելյանի  հայրիկի  անետացման  գործով  ձերբակալվածների  շղթան  ավելանում  է: Մեզ  հասած լուրերի համաձայն՝  ձերբակալվածներից  երկուսը գտնվում են Պարսկաստանում,  եւ  միջազգային  կառույցների  ու  Իրանի  իրավապահների  շնորհիվ  հնարավոր է եղել նրանց  հայտնաբերել  եւ  ձերբակալել:

Ավելին՝ մեզ  հասած լուրերի համաձայն՝ մեկ  անձ  կա արտերկրում  ձերբակալված: Ասել  է թե՝  գործով ոչ  թե  երեք  անձ  է ձերբակալվել, ինչպես  հայտարարել  էր  Խաչատուր Քոքոբելյանը,  այլ  4 անձ:

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման փաստով քիչ է՝ ձերբակալվել  են ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը եւ եւս երկու հանցակից, նույն գործով կա եւս երկու ձերբակալված արտերկրում: Խաչատուր Քոքոբելյանը  հայտնել  էր, որ տվյալ անձանց ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամները չեն ճանաչել եւ որեւէ առնչություն երբեւէ չեն ունեցել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, մյուս բոլոր ձերբակալվածները եւս ՀՅԴ անդամներ են։

 

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:14-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Պարզվել է, որ Երեւանյան խճուղու թիվ 141 շենքի մոտակայքում բախվել են Opel Astra G (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1967 թ.) եւ Honda Elysion (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1980թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա. Դ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

 




Լրահոս