ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:
Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ:
Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:
Նախաքննությունը շարունակվում է: