Ղրիմի Ջանկոյի շրջանում զինամթերքի պահեստում պայթյունի պատճառը դիվերսիան է եղել։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների հետևանքով վնասվել է Ջանկոյ բնակավայրի մոտ գտնվող զինվորական նշանակության պահեստը»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով վնաս է հասցվել մի շարք քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, էլեկտրակայանին, երկաթուղային գծերին, մի շարք բնակելի շենքերի։
«Լուրջ վիրավորներ չկան։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիոն գործողությունների հետևանքները վերացնելու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Մայսկոյե գյուղի մոտ գտնվող զինամթերքի ժամանակավոր պահեստավորման վայրում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով պայթել է զինամթերքը։
Երկու մարդ վիրավորվել է, նրանցից մեկին վիրահատել են։
Միջադեպից հետո շրջափակվել է հինգ կիլոմետրանոց գոտին, Ջանկոյի շրջանի Ազովսկոյե և Մայսկոյե գյուղերի բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են Կոնդրատևո, Տաբաչնոյե և Պոբեդնոյե գյուղերի դպրոցներում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները և իրավապահները։