ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները մինչեւ այս պահը շարունակվում են:

 

Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, որնոց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ  Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունը երեկ հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այս պահի դրությամբ՝ փակ են «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն ու հարակից խանութները։

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանի վստահեցմամբ՝ գործ ունեն գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում. «Ըստ էության, հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

-«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությւունից արդեն երկու օր (երեք օր-խմբ.) է անցել: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին: Ինչի՞ հետեւանք կարող էր լինել:

-Դժվար է կարճ ժամանակում գնահատական հայտնել տեղի ունեցածի մասին: Այս պահին ամենացավալին այն է, որ ունենք մարդկային զոհեր, վիրավորներ, եւ այս պահին դեռ որոնողական աշխատանքները շարունակվում են: Ակնհայտ է, որ իշխանությունն ու տարբեր կառույցներ իրենց գործողությունները պանշաճ ձեւով չեն իրանանացրել: Բնականաբար, այդ ամենը վերահսկողության եւ անվտանգության առումով բերել են ստեղծված ողբերգությանը:

-Փրկարարների աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք: Պատկան մարմինները կարողանո՞ւմ են ճգնաժամային իրավիճակին համարժեք աշխատանքներ տանել:

-Առանձին փրկարարների, ոստիկանների, հրշեջների գործողությունները չենք կարող չգնահատել, բայց պետությունը՝ որպես կազմակերպված կառույց, դժվար է տեսնել: Իմ նախնական տպավորությամբ՝ պետությունը իր համապատասխան մարմիններով ճգնաժամային իրավիճակում արդյունավետ գործելու որեւէ նշաններ ցույց չի տալիս:

-Ի՞նչ դասեր պետք է քաղել ողբերգական այդ դեպքից, ու ի՞նչ անել, որ այլեւս նման բան տեղի չունենա:

-Չստացվի, որ կրկնվում են բոլոր այն թեզերը, որոնք այս ժամանակահատվածում քննարկվել կամ ասվել են: Ուղղակի ակնհայտ է, որ Հայաստանում գործող իշխանությունը սովորական պայմաններում եւ, առավել եւս, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու որեւէ հնարավորություն չունի: Այս ամենը ցույց են տվել ե՛ւ պատերազմը, ե՛ւ քովիդով ստեղծված իրավիճակը, ե՛ւ նաեւ այս մասշտաբի ճգնաժամերը: Ասել ուղղություններ, որոնք կարելի է շտկել եւ ունենալ արդյունավետ կառավարում այս իշխանությունների դեպքում, դժվար է: Այս իշխանությունը Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության հետ կապված որեւէ խնդիր լուծելու հնարավորություն չունի, եթե անգամ ունենա ցանկություն: Մեր երկրում արմատական փոփոխությունների կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ որ ուղղակի չլինի այս իշխանությունը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԴԵՄ ԵՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

Մեղրաձոր համայնքում հնարավոր է առաջիկայում ալյումինի հանքավայր շահագործվի. այս մասին ահազանգում են մեղրաձորցիները:

 

ArmLur.am-ին դիմած մեղրաձորցի բնակիչները նկատեցին, որ եթե թույլատրվի ալյումինի հանքավայր շահագործել, ապա իրենք կկորցնեն Թեժ լեռը: Բացի այս, նրանց խոսքերով՝ վտանգի տակ են նաեւ Հանքավանի ձորն ու Մարմարիկ գետը: Պարզվում է՝ մի քանի տարի առաջ դարձյալ փորձել են ալյումինի հանքավայր շահագործել, բայց բնակիչները դեմ են եղել եւ թույլ չեն տվել: Նշենք, որ «Ամ Արտ Շին» ընկերությունը նախատեսում է Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրություն իրականացնել: Խոսքը ալյումինի հումքի մասին է։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել՝ 2022-2025թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար, իսկ նախագիծը ներկայացված է ՇՄԱԳ փորձաքննության։

11.08.2022թ-ին Մեղրաձորում այս թեմայի շուրջ պետք է տեղի ունենար հանրային քննարկում, սակայն Armlur.am-ը տեղեկացավ, որ այն չի կայացել. բնակիչները դեմ են արտահայտվել:

Մեղրաձորի վարչական ներկայացուցիչ Վոլոդյա Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղրաձորցիները թույլ չեն տվել ընկերությանը ամբողջությամբ ներկայացնել նախագիծը:

«Հանրային քննարկում տեղի ունեցավ, բայց նորմալ չանցավ: Մարդիկ չհասցրեցին բացատել, թե ինչ են ուզում անել, ինչ մեխանիզմով: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ երեկվա հանրային քննակումը նորմալ արդյունք չտվեց, որովհետեւ բնակիչների կեսը դեմ են, չնայած որ դեռ մասնագիտական հիմնավորում չունենք, թե ինչի ենք դեմ: Ես խնդրել եմ մասնագետներին, որ ուսումնասիրեն, որպեսզի մենք վերջնական հասկանանք՝ իրականում այն ինչ է մեզ տալու եւ ինչ է մեզանից վերցնելու»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ներկայացուցիչը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ալյումինի հանքավայրի շահագործման հարցում անգամ ինքը չի կողմնորոշվել. «Ես ինքս էլ դեռ չեմ կողմնորոշվել, սպասում եմ իմ իմացած մասնագետների վերջնական եզրակացությանը. թող ապացուցեն՝ վնաս է, թե օգուտ»:

Թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրային քննարկումը, դեռ հայտնի չէ, բայց  Armlur.am-ին մեղրաձորցիները փոխանցեցին, որ շարունակելու են մինչեւ վերջ պայքարել, քանի որ դեմ են հանքավայրի շահագործմանը:

Ս. Հ.

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԵՆ

«Սուրմալու»-ի հրդեհը ցնցել է շատերին։ 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առեւտրի եւ հասարակական  սննդի օբյեկտներում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության  օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։ Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ: Դեռ մեկ տարի առաջ այնտեղ խախտումներ են հայտնաբերվել, սակայն այս ընթացքում նորից չեն ստուգվել՝ հասկանալու համար՝ խախտումները վերացել են, թե ոչ։ Տեսչական մարմնից արդարանում են, թե բավարար ռեսուրս չկա, սակայն փաստը մնում է փաստ, որ խախտումները մինչեւ այժմ վերացված չեն եղել, եւ դրանք արժեցան մարդկային կյանքեր։

 

 

 

ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

ՀՀ փոխվարչապետ, ՔՊ-ական Համբարձում Մաթեւոսյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: ArmLur.am-ը ուսումնասիրեց Մաթեւոսյանի՝ 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը: Նշենք, որ 2018 թվականին Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետն էր: Ըստ նրա 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար գումար եւ 650 հազար դրամ: Համբարձում Մաթեւոսյանը Երեւանի կենտրոնում բնակարան ունի, որը գնել է 2017 թվականին: 2019 թվականին նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն 155 հազար դրամ: Կանխիկ գումարը կազմել է 20 հազար դոլար, իսկ ունեցած 650 հազար դրամն ավելացել է՝ դառնալով 2 մլն 300 հազար դրամ: 2019-ին ամսական աշխատավարձը կազմել է 896 հազար 211 դրամ: Մաթեւոսյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են. եթե նա 2019-ին ունեցել է 2 մլն 300 հազար դրամ գումար, ապա 2020-ին այս թիվը կազմել է 3 մլն 800 հազար դրամ: Նախորդ տարի բանկային հաշվին առկա 3 մլն 337 հազար դրամն ավելացել է՝ դառնալով 7 մլն 125 հազար դրամ: Կանխիկ դրամը եւս ավելացել է՝ 3 մլն 800 հազար դրամից դառնալով 5 մլն դրամ: Նախորդ տարվա ընդհանուր եկամուտը կազմել 15 մլն 490 հազար դրամ, որը երկու վայրից՝ Արմավիրի մարզպետարանից եւ կառավարությունից ստացված աշխատավարձն է: Փոխվարչապետի կնոջ՝ Անի Բունիաթյանի բանկային հաշվին 2021 թվականի վերջին առկա է եղել 50 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 30 հազար 500 դոլար եւ 4000 եվրո: Փոխվարչապետի կինը երկու վայրից՝ «Լուսիտեք» ընկերությունից եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից գումար է ստացել, որն ընդհանուր կազմել է 700 հազար դրամ: ՔՊ-ականի կինը 2019-ին ավտոմեքենաների առուվաճառքով է զբաղվել. նա այդ տարի վաճառել է 2013 թվականին գնած 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա 7 մլն դրամով: Հետո՝ նույն տարում, 20 հազար դոլարով գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա, որը դարձյալ տարեվերջին վաճառել է:

 




Լրահոս