«ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ն ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հրդեհային ու տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ տնտեսվարողի, ինչպես նաեւ վերահսկող պետական մարմինների հերթական ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին:

 

  1. Վերջին 20 տարիների ընթացքում մեր Հանրապետության տոնավաճառներում, առեւտրի կենտրոններում եւ խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 600 միլիոն դրամը: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է եղել, կրակի, պայթյունավտանգ նյութերի հետ անզգույշ կերպով վարվելը, ինչպես նաեւ էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը:
  2. 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում էլեկտրական լարերի անսարքության պատճառով այրվել էին 18 տաղավարներ, որոնց տնօրինող տնտեսվարող սուբյեկտներից եւ ոչ մեկն առ այսօր չի ստացել որեւէ նյութական փոխհատուցում, ավելին՝ ինչպես վկայում են հենց իրենք՝ տնտեսվարողները, կիրառվել են իրենց «լռեցնելու» ամենատարբեր մեթոդներ:
  3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաեւ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են տեխնիկական եւ անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջները՝ ներառյալ օբյեկտի, տվյալ դեպքում՝ առեւտրի կենտրոնի ապահովվածությունը համապատասխան տարհանման ուղիներով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերով եւ հրդեհի ազդանշանման համակարգերի առկայությամբ, բայց շատ դեպքերում եւ վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում:
  4. Ավելին՝ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ը առհասարակ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության որակյալ եւ հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը: Պայթյունի օջախ հանդիսացած պահեստը դեռեւս անցյալ տարի էր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել, ներկայացվել էր կարգադրագիր՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները: Եվ հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՔՏՀԱ տեսչական մարմինը հետեւողական գտնվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում խախտումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների եւ դրանց իրականացման ավարտը վերահսկելու ուղղությամբ:
  5. Այսօր էլ մայրաքաղաքի շատ օբյեկտների տարրական էլեկտրատեխնիկական նորմերը չեն պահպանվում: Մեկ սովորական էլեկտրալարով ապահովվում է մոտ 30 խանութների էլեկտրական սնուցումը, բացակայում են անգամ հիգիենայի տարրական կանոնները, խնդրահարույց է համապատասխան քանակի եւ որակի արտաքնոցների առկայությունը նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում: Սակայն քաղաքացին, տվյալ դեպքում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի աշխատողը, պարտավոր է լինել օրինապաշտ հարկատու, պարտավոր է վճարել հարկերը, խանութի վարձակալության վճարները առանց ուշացման՝ փոխարենը չունենալով եւ այդպես էլ չստանալով կյանքի եւ իր գործունեության անվտանգության ոչ մի երաշխիք:
  6. «Սուրմալուի» շենքը բազմամյա է: Այն հարմարեցվել եւ կահավորվել է նախկին պահածոների գործարանի շենքի վրա, վթարայնությունն օր-օրի ավելանում է: Կարծում եմ, որ օր առաջ «Սուրմալու»-ն պետք է փակվի, մինչեւ բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանելու համար միջոցներ չձեռնարկվեն:
  7. Տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից եւ դրանց հետեւանքներից հասարակության եւ անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով նման խոշոր, ընդգրկուն առեւտրի կենտրոնները, պահեստները, ծառայությունների սպասարկման կենտրոնները պետք է Երեւան քաղաքից դուրս բերվեն պահպանվող ընդարձակ տարածքներ: Անթույլատրելի է պայթուցիկ նյութերի կողքին խաղալիքներ կամ սնունդ պահպանելն ու վաճառելը: Սա հրդեհներից, տեխնածին աղետներից ու դրանց ծանրագույն հետեւանքներից խուսափելու ուղիներից մեկն է, այլապես յուրաքանչյուր դժբախտությունից հետեւություններ չանելով եւ սխալները չուղղելով՝ կունենանք նոր ողբերգական դեպքեր:

Ես ցավակցում եմ օգոստոսի 14-ին զոհվածների ընտանիքներին, անհետ կորածներին ցանկանում եմ բարի վերադարձ՝ ողջ ու առողջ, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

 

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ իրենց ցավակցական ուղերցներն են հղել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Չինաստանի դեսպանությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը եւ մի շարք այլ պաշտոնատար անձիք, որոնք իրենց  ցավակցությունը եւ զորակցությունն են հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում։

 

 

 

ՔՈՎԻԴԻ 1713 ԴԵՊՔ

Անցած մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք: Կատարվել է 6829 թեստավորում, առողջացել է 1704 պացիենտ, արձանագրվել է մահվան 6 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք, որոնցից 417 865-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:

 

 

 

ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՆ

2003 թվականից «Քարարտ» ընկերությունը շահագործում է Տավուշի մարզի Զորական գյուղի ֆելզիտի հանքավայրը, 2005թ. սեպտեմբերի 16-ին Իջեւան քաղաքի  հյուսիսային  ծայրին շահագործման հանձնվեց քարի վերամշակման գործարանը: Հետագայում այդտեղ կառուցվեցին նոր մասնաշենքներ, ձեռնարկությունը հագեցվեց իտալական արտադրության վերամշակող սարքավորումներով: 2019թ-ին  «Քարարտ»  ընկերության սեփականատեր Արթուր Բաղրյանին հարցրի՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը  «Քարարտ»-ում  20 տոկոս բաժնեմաս ունի արդյոք։ Ա. Բաղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այդ բաժնեմասը փաստացի  Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին է պատկանում, սակայն գրանցված է Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) անունով։ Ա. Բաղրյանի խոսքերով՝ իր ընկերությունում բաժնեմաս են ստացել ազատամարտիկների կարիքները հոգալու պատրվակով։ Ա. Բաղրյանն ասաց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո ինքը իրավապահներին է դիմել այդ բաժնեմասի կապակցությամբ, սակայն իշխանական հին կապերը գործել են, ոչինչ չի փոխվել։

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Բերդ խոշորավցած  համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի  դատավարության՝  օգոստոսի 2-ին եւ օգոստոսի 11-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել։ Նիստերի չկայանալու պատճառը  պաշտպանական կողմի չներկայանալն է դատական նիստերին։ Ըստ Հ. Մանուչարյանի պաշտպանների՝ դատավոր Սամվել Մարդանյանն իրենց հետ  նախապես չի համաձայնեցրել նիստերի օրերը. դրանք նշանակվել  են այնպիսի օրերի, երբ պաշտպանական կողմը ունեցել է այլ նիստեր եւս։  Դեռեւս տեղեկություն չկա այդ քրեական գործով  հաջորդ դատական նիստի օրվա  մասին։ Հ.  Մանուչարյանը 2021թ. նոյեմբերի 9-ից  կալանքի տակ է, նա գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Հ.  Մանուչարյանին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի  («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314-րդ հոդվածի  1-ին մասի («Պաշտոնեական կեղծիքը») հատկանիշներով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ դա համարելով շինծու։ Հ. Մանուչարյանը 2021թ. հունիսի 20-ին   կայացած խորհրդարանական ընտրություններում չի  սատարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։  Տեղեկություններ կան, որ 2012թ-ից՝ Բերդ համայնքը, 2017-ից Բերդ խոշորացված համայնքը ղեկավարող Հ. Մանուչարյանը մասնակցելու է  սեպտեմբերի 25-ին կայանալիք  Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրություններին.  նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցություններից կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս