ԲՈՇՆԱՂՅԱՆԻ ՀԻՇԱՐԺԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիմուշ» հրատարակչությունը լույս է ընծայել պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Հակոբ Հարությունյանի «Պերճ Սերգեյի Բոշնաղյան. ուրվագծեր ռազմական, գիտական եւ հասարակական-քաղաքական գործունեությունից կամ MEMENTO VIVERE» մենագրությունը: Այն նվիրված է մեր գիտամշակութային եւ հասարակական-քաղաքական կյանքի երախտավորներից մեկին: Ուսումնասիրության երեք գլուխները բաժանվել են ութ բաժինների, որոնցում արտացոլված են Պերճ Բոշնաղյանի կյանքի հիշարժան իրադարձությունները եւ նվաճումները:

 

Առաջին գլուխը վերաբերում է նրա ուումնառությանը ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում եւ հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայկական Թամանյան 89-րդ դիվիզայի 390-րդ եւ 526-րդ գնդերի կազմում նրա ունեցած դերին: Գնդապետ Բոշնաղյանը այդ լեգենդար զորամիավորումենրի շտաբի պետն էր: Համառոտ անդրադարձ է կատարված նաեւ Բոշնաղյանների գերդաստանի պատմությանը:

Ուշագրավ են աշխատության 2-րդ եւ 3-րդ գլուխները: Այստեղ տրված է Պ. Բոշնաղյանի՝ գիտնական-մանկավարժի կերպարի գնահատականը: Հեղինակը նրան իրավմամբ համարում է հայ երկրաբանական դպրոցի հիմնադրմադրման ակունքների մոտ գտնվածներից մեկը (երկրաբանական դպրոցի հիմնադրումը Հայաստանում սկսվեց միայն 1920-ական թթ.): Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց Հայաստանի ջրային եւ ինժեներական երկրաբանության խնդիրներով: Ուսումնասիրողները հատկապես բարձր են գնահատում Սյունիքին նվիրված նրա երկրաբանական հետազոտությունները: Պ. Բոշնաղյանի գիտելիքները կարեւոր դեր ունեցան 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շինարարական աշխատանքների նախագծման ասպարեզում: Նրա աշխատություններում մեծ տեղ է հատկացված հայաստանյան գետահովիտների, սելավային երեւույթների եւ նստվածքների ուսումնասիրությանը:

ԵՊՀ-ում աշխատելու տարիներին նա գիտամանկավարժական աշխատանքներին զուգահեռ զբաղեցրել է նաեւ մի շարք պատասխանատու պաշտոններ (համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորից մինչեւ դեկան եւ ամբիոնի վարիչ): Նրա պրոռեկտորության տարիներին են կառուցվել ԵՊՀ-ի կենտրոնական, բնագիտական եւ հումանիտար ֆակուլտետների մասնաշենքերը:

Իր բուռն գործունեությունը նա շարունակեց Հայաստանի Հանրապետության 2-րդ գումարման Ազգային ժողովում 1999-2003 թթ: Հատկապես տպավորիչ էին նրա ելույթները երկրաբանաբնապահպանական, օրենսդիր եւ պետական տոներին առնչվող հարցերի կապակցությամբ:

Գիրքն ավարտվում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծավալուն վերջաբաններով: Կան նաեւ հինգ հավելվածներ, որոնք վերաբերում են Պ. Բոշնաղյանի 84-ամյա կյանքի ուղու հիշարժան այլ էջերին: Գրքին ձոն-առաջաբաններ են գրել գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Ընթերցող լայն շրջանակի ուշադրությանը ներկայացված այս գիրքը Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ պրոֆեսոր Հ. Հարությունյանի երկրորդ աշխատությունն է Հայրենական մեծ պատերազմում սխրանք գործած սերնդի ակնառու ներկայացուցիչների մասին:

Լ. Ե.

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնը։

 

Ունկնդրին ներկայացան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Դաշնամուրի եւ ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երեւանում։ Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները, իսկ Անտոնիո Տոռիանիի «Դիվերտիսմենտ»-ը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչում էր առաջին անգամ։

Անահիտ Դիլբարյանը նշում է, որ Նիկոլայ Պողոսյանի հետ այս ձեւաչափով համագործակցում է առաջին անգամ։ Դաշնակահարուհին ֆագոտի եւ կլառնետի հետ ունեցել է համագործակցություն, եւ այդ տրիո գործակցությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Խոսելով Տոռիանիի «Դիվերտիսմենտ»-ի մասին՝ երաժիշտն ընդգծում է, որ այն շատ հետաքրքիր հնչողություն ունի։ Դաշնակահարուհին այս ստեղծագործությունը կատարում է առաջին անգամ եւ խոստովանում, որ իր համար շատ հետաքրքիր էր այդ գործն ուսումնասիրելը։

«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), փառատոնի անցկացմանն աջակցում են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ-ն։ Համերգաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երեւան կժամանեն նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

 

 

 

ԳԵՂԵՑԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ

Էրզրումում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  Վահրամ Դովլաթբեկյանը մեկնարկել է հաղթականով։ 40 կգ քաշային կարգում նա գեղեցիկ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

 

 

 

ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԱՃԱՌԵԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կամ խզել նրա պայմանագիրը. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այդ հարցում «ակումբի դիրքորոշումը չի փոխվել»։ Անգլիայի առաջնության առաջին երկու խաղերում Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել է «Բրայթոնին», 0:4՝ «Բրենթֆորդին»։ Ռոնալդուն մինչեւ մրցաշրջանի մեկնարկը ցանկանում էր փոխել ակումբը, սակայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր ունեցող ոչ մի առաջատար ակումբ չի ցանկանում ձեռք բերել նրան։

 

 

 

ԱՌԱՆՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ

Մադրիդի «Ռեալը» 14 մրցաշրջանում անընդմեջ չի պարտվում է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել «Ալմերիայի» նկատմամբ 2:1 հաշվով։ Արքայական ակումբը նախորդ անգամ Իսպանիայի առաջնությունը պարտությամբ սկսել է 2008-2009 թվականների մրցաշրջանում (1:2 հաշվով` «Դեպորտիվոյին»)։ Առանց պարտության 14 մրցաշրջանն անընդմեջ մեկնարկը երկրորդ ցուցանիշն է Պրիմերայում։ Ռեկորդը նույնպես պատկանում է «Ռեալին» (16 մրցաշրջան՝ 1961-1976 թվականներին)։

 

 

 

«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ»

62 տարեկանում մահացել է նկարիչ Դմիտրի Վրուբելը, որը ստեղծել է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գրաֆիտիներից մեկը. խոսքը Բեռլինի պատի վրայի պատկերի մասին է, որում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը համբուրում է ԳԴՀ պետական խորհրդի նախագահ Էրիխ Հոնեկերին։ Մահվան պատճառը չի նշվում։

Վրուբելը ծնվել է 1960 թվականին Մոսկվայում եւ սովորել Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Վրուբելը սոցարտ ուղղության ներկայացուցիչ էր։ Նրա գրաֆիտին, որը նաեւ հայտնի է որպես «Եղբայրական համբույր», դարձել է Գերմանիայի վերամիավորման եւ «սառը պատերազմի» ավարտի խորհրդանիշներից մեկը: Վերջին տարիներին նկարիչը բնակվում էր Գերմանիայում։

 




Լրահոս