Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում օգոստոսի 17-18 հայտարարվել է սգո օրեր՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մահացածների։ Այս պահի դրությամբ հայտնի է 16 զոհի մասին։
Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:
Սուգ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ տարբեր երկրներում հայտարարվում է բնական աղետների, խոշոր վթարների եւ օդային աղետների, ահաբեկչական ակտերի կապակցությամբ:
Հայաստանում սգո օր հայտարարվել է նաև.
1992 թվականի ապրիլի 17- Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը։
1994 թվականի օգոստոսի 26-28- Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հուլիսի 6-8- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հոկտեմբերի 29 — 31 — 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ։
2006 թվականի մայիսի 5-6- 2006 թվականի մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու կապակցությամբ։
2007 թվականի մարտի 28- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ։
2009 թվականի հուլիսի 16- Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 168 հոգի։
2018 թվականի հոկտեմբերի 6- Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը:
2020 թվականի դեկտեմբերի 19-21- 44 օրյա պատերազմում զոհվածների հիշատակի կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: