«Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում օդը դեռ աղտոտված կմնա. ինչ խորհուրդ են տալիս մասնագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում օդի աղտոտվածությունը ավելացել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՇՄՆ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։ Արդեն երեք օր է, ինչ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մթնոլորտային օդն աղտոտված է։ Հիմնականում փոշու գերազանցում գրանցվել է Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում։

«Ունենք օգոստոսի 15-16 ընկած ժամանակահատվածի տվյալներ, այսօրվանը դեռ չկա: «Սուրմալու»-ի մոտ տարածքում ունենք շարժական դիտակետեր՝ ծծմբի երկօքոսիդի, ազոտի երկօքսիդի համար, որոնք գերազանցել են: Ծծմբի երկօքսիդը 4.6 անգամ սահմանային թույլատրելի կոնցետրացիան գերազանցել է, իսկ ազոտի երկօքսիդը՝ 2.6 անգամ: Կենտրոնում՝ կրկեսի մոտ փոշու խտությունը գերազանցել է 1.4 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան` 1.1 անգամ»,- ներկայացրեց Գոհար Հակոբյանը:
Թե երբ կմաքրվի օդը, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել: Նրա խոսքով, աղտոտիչներն օդում մնալու հատկություն ունեն, եւ հնարավոր է, որ մենք օրեր շարունակ օդն աղտոտված մնա:

Ի դեպ, մասնագետը խորհուրդ տվեց տանից շատ դուրս չգալ հարակից տարածքներ, դուրս գալուց դիմակ դնել, տան օդը խոնավեցնել, իսկ պատուհաններն էլ հաճախակի չբացել:
Մյուս կողմից, թոքաբան Նունե Ազիզյանը հորդորում է քրոնիկական շնչառական խնդիրներ, օնկոլոգիա ունեցող, սիրտանոթային պաթոլոգիայով պացիենտներին, հղիներին, հնարավորության դեպքում դուրս գալ քաղաքից: Նա նաեւ խորհուրդ է տալիս բակային տարածքները ջրել:

Ս.Հ.




Լրահոս