ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 70

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում.  «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու: Եվ այս որոշման շահառուները, չնայած որ տարբեր հաշվարկներ կան, ու հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի մարդ է այդ գործունեությամբ զբաղվում, բայց, ըստ տարբեր թվերի, մոտավոր 50 հազար մարդ է»։ 2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ: «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»,- շեշտում էր գործադրի ղեկավարը: Փաստորեն, անհատ տաքսու վարորդների գլխի տակ փափուկ բարձ դնելով ու հավատացնելով, թե նրանք լիցենզիա հանելու խնդիր չպետք է ունենան, Փաշինյանն իրականում ստում էր։

 

 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել նրա եւ ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։ Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երեւույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։ Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները  թանկանում են, եւ սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ։ Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից կամ նրա մամուլի խոսնակից, սակայն, ինչպես միշտ, մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն։

 

 

 

Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել: Վերջինիս մտերիմ շրջապատից մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա եւ քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն: «Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Դավթյանի ապագայի մասով մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արթուր Դավթյանին, սակայն այնտեղից հրաժարվեցին մեկնաբանել։ Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ընտրվել է միայն իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, եւ չնայած Արթուր Դավթյանի թեկնածությունը եւս մեկ անգամ կարող էին առաջադրել, սակայն իշխանությունները նախընտրեցին քրեական գործերին միջամտող վարչապետի խորհրդական Վարդապետյանին:

 

 

 

Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից առաջ եւ հետո, մայրաքաղաք Երեւանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը շարունակվում են: Այս իրողությունը մոլորեցրել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ով կամ ովքեր են այդ ռումբի մասին ահազանգողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վերջին շրջանում պարբերական ահազանգերը հնչում են արտերկրից, եւ իրավապահ մարմիները անգամ դիմել են արտերկրում գտնվող իրենց գործընկերներին, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախաությունը վերոնշյալ դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Այս վարույթի քննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները: Բայց մինչ նրանք քննում են, նոր ահազանգերը շատանում են։

 

 




Լրահոս