ԳՆԱՃԸ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույցը անցկացվել է տնտեսագետ  Կարեն Սարգսյանի հետ, որն իր խոսքում նշել է՝ ռուս քաղաքացիների հոսքը Հայաստան դրական առումով նպաստել է տնտեսական ակտիվությանը, սակայն բացասական առումով այն նպաստել է նաեւ գնաճի տեմպերի արագացմանը, քանի որ սպառողական շուկայում կտրուկ ընդլայնվել է պահանջարկը:

 

-Պարո՛ն Սարգսյան, ապրանքների գնաճը թեեւ կարծես դանդաղել է, բայց հանընդհանուր թանկացումից մարդիկ դեռ դժգոհում են։ Ի՞նչ իրավիճակ է այժմ։

-Հունիս ամսվա տվյալներով՝ ունեցել ենք երկնիշ գնաճ՝ 10.2%-ի չափով, սակայն արդեն 2022 թվականի հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գնաճի տեմպը տարեկան կտրվածքով նվազել է 1.4%-ով՝ նախորդ ամսվա սկզում արձանագրված ցուցանիշի համեմատ։

Այսպես, Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը օգոստոսի 3-ի դրությամբ (2022թ. հուլիսը՝ 2021թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 9.3%, իսկ հունիսի նկատմամբ՝ -1.4%: Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 13.5% եւ -1.4%, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ՝ 8.2% եւ 0.6%, հագուստ եւ կոշիկ՝ 10.9% եւ -0.9%, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակներ՝ 7% եւ 0.4%, տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա եւ բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ 9.1% եւ 1.7%, առողջապահություն՝ 1.8% եւ 0.4%, տրանսպորտ՝ 9.2% եւ 0.2%, կապ՝ 0.6% եւ 0.0%, հանգիստ եւ մշակույթ՝ 14.3% եւ 0.2%, կրթություն՝ 1.5% եւ 0.0%, ռեստորաններ եւ հյուրանոցներ՝ 7.5% եւ 1.2%, տարբեր ապրանքներ եւ ծառայություններ՝ 9% եւ 1.4%։

Համաշխարհային շուկաներում նկատվում են որոշակի գնանկումներ, այդ թվում՝ նավթամթերքների, հացահատիկի գծով, եւ սա անդրադառննում է նաեւ ներքին շուկայի վրա։

-Դոլար, եվրո, ռուբլի գնանկումը դեռ շարունակվում է, ինչից հատկապես տուժում են դրսից եկող տրանսֆերտները։ Ի՞նչ իրավիճակային, տնտեսական վերլուծություն կա այժմ:

-Այո, դոլարով եւ եվրոյով ստացվող տրանսֆերտների  իրական արժեքը այլ հավասար պայմաններում նվազել է շուրջ քսան տոկոսով։ Ներքին շուկայում 9.3 % գնաճի ֆոնին փաստացի այդ գումարների գնողունակությունը նվազում է նաեւ այդ չափով, իսկ եթե վերցնենք պարենային ապրանքների շուկան, ապա  փաստացի արտարժութային տանսֆերտների արժեզրկումը հասնում է մինչեւ 34%, ինչն էական է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է ռուսական ռուբլով ստացվող տրանսֆերտներին, ապա դրանք համեմատաբար կայուն են՝ պայմանավորված դրամ-ռուբլի փոխարժեքի համեմատական կայունությամբ։

Այստեղ պետք է նշել նաեւ, որ ներկա պահին ԿԲ-ի վարած քաղաքականությունը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, բնականաբար, կնպաստի դրամի է՛լ ավելի արժեւորմանը: Այսինքն՝ բացի այն, որ դրամը արտաքին ազդակների, արտաքին արտարժութային հոսքերի ազդեցությամբ արժեւորվել էր, փաստացի նաեւ այս տոկոսադրույքի բարձրացումը եւս կնպաստի դրամի արժեւորմանը, ինչը, բնականաբար, արտահանման հետ կապված խնդիրները կարող է ավելի խորացնել: Նախ պետք է հասկանանք, թե ինչ գործոնների ազդեցությամբ է Հայաստանում ձեւավորվել նման բարձր գնաճային միջավայր: Եթե հաշվի առնենք դրամի էական արժեւորումը, գնաճը պետք է որ այսքան բարձր տեմպեր չգրանցեր, ընդհակառակը՝ որոշ ապրանքատեսակների գծով նաեւ գնանկումներ արձանագրվեին։  Սակայն գործ ունենք բազմաթիվ արտաքին ազդակների հետ, այդ թվում՝ թե՛ ռուս-ուկրաինական պատերազմից, թե՛ ՌԴ-ի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներից ածանցվող, եւ դրանցից բխող արտաքին պահանջարկի կտրուկ աճի գործընթացով: Բացի համաշխարհային շուկաներում ձեւավորված բարձր գնաճային միջավայրի ազդակներից,  հիմնականում աննախադեպ արտաքին պահանջարկն է նպաստել ներքին շուկայի բարձր գնաճին։

-Այս տարի կարծես զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կա. դա ինչպե՞ս է նպաստում տնտեսության դրական աճին, ի՞նչ ցուցանիշներ կան։

-Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան են ժամանել  770000 զբոսաշրջիկ, իսկ միայն հուլիս ամսին՝ 188856:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ. Հայաստան ժամանած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կազմել է 588 731՝ ավելանալով 2,4 անգամ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը կազմել է 243 076 հոգի։  Նշվում է, որ ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (251 035 հոգի կամ ընդհանուրի 42,6%-ը), Վրաստանից (4703 հոգի կամ 10,7%) եւ Իրանից (48122 մարդ կամ 8,2%)։

Զբոսաշրջիկների եւ հատկապես ռուսաստանցիների մեծ հոսքը Հայաստան դրական առումով նպաստել է տնտեսական աննախադեպ բարձր ակտիվությանը.  կիսամյակային արդյունքներով՝ այն կազմել է 11.8%, իսկ ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում՝ համապատասխանաբար՝ 26.9%, 10.7%։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  տնտեսության մնացած ոլորտներում աճն այդքան էլ ակներեւ չէ. արդյունաբերական արտադրանքի ծավալը, ըստ հրապարակված տվյալների, աճել է ընդամենը 5,8 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով, շինարարության ծավալն ավելացել է 12,7 տոկոսով։

Զբոսաշրջիկների մեծ հոսքը, իհարկե, դրական ազդակ է տնտեսության համար, սակայն պետք է գիտակցել, որ այն ժամանակավոր գործոն է, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության կողմնակի ազդեցություններով։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՄԻՋԱՆՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

«Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ էին՝ նամակ հանձնելու նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության եւ Բերձորի միջանցքի կարգավիճակի պահպանման պահանջներով։ Նամակում, որը հանձնվեց դեսպանատանը, շարադրված են հետեւյալ պահանջները՝

 

l իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները,

l ապահովել ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների ամբողջական վերադարձը,

l վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծը,

l բացառել նոր ռազմական էսկալացիաները,

l բացառել Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող Բերձորի մարդասիրական միջանցքի կարգավիճակի խաթարումը։

«Միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է Բերձորի միջանցքով անցնող նոր երթուղու փոփոխություն իրականացվել երթուղին լիարժեք պատրաստ լինելուց հետո, հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ռուսական խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը եւ ՌԴ-ի ներկայությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։ Նա վստահեցրեց, որ իրենք հետեւողական են լինելու պահանջներին: Ֆրանսիային եւ ԱՄՆ-ն նույնպես ներկայացնելու են իրենց մոտեցումները ու պատկերացումներն իրավիճակի մասին։

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունից արձագանքել են արդյոք օրերս նախաձեռնության փոխանցած նամակին։ Նաեւ քաղաքական կուսակցություններին են ուղարկել, որպեսզի մոտեցումներ արտահայտեն իրենց պահանջների վերաբերյալ։ Ուղիղ պատասխան դեռեւս չունեն, բայց որոշ շրջանակներ հայտարարություններ արել են։ Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ ամրագրված չէ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հայաթափում, սակայն բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։ «Արցախի հանրապետության ճանաչում» նախաձեռնությունն առաջարկում է արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժեր ներգրավել։

 

 

 

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ

Երեկ Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված էր: Տեղեկացնենք, որ առավոտյան՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ArmLur.am-ը եղավ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում եւ արձանագրեց, որ բոլոր աշխատողները քաղաքացիներին կայարանից տարհանել են եւ իրենք էլ դրսում սպասում են Արտակարգ իրավիճակների նախարարության ստուգումների ավարտին:

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է

ArmLur.am-ին  Արցախից անհանգստացնող լուրեր հասան այն մասին, որ Կարմիր շուկայում գտնվող օղու գործարանը ապամոնտաժվում է: Անհանգստացնողն այն է, որ գործարանի 30% մասնաբաժինը պատկանում է Արցախի հանրապետութկան նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքին: Հիմա մարդիկ մտածում են, որ հաջորդ քայլով էլ Կարմիր շուկան հանձնվելու է: Կա՞ նման խնդիր: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք գործարանի պատասխանատու Սուրեն Առուշանյանի հետ: «Իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում այդ տեղեկությունը: Ավելին ասեմ՝ մեկ ամիս առաջ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք սկսել, պատրաստվում ենք մթերման գործընթացին: Անգամ խմիչքի մի քանի տեսակի արտադրանք ենք ավելացնում: Մինչեւ այսօր մենք հստակ գործողություններ ունենք. այս պահին էլ Կարմիր շուկայում ցորեն է եփվում, որ խմիչք դառնա (ծիծաղում է-Ս.Հ.), ո՞նց կարող ենք տեղափոխվել: Թե ինչ կլինի մեկ ամսից, չենք կարող կանխատեսել»: Մեզ մնում է հույս հայտնել, որ մեկ ամսից էլ բան չի փոխվի:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՐԵՆՔՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումներ մեղմացնել, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Բացի այս, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:




Լրահոս