Այս ծանր օրերին հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների առօրյան ևս փոխվել է, վերջիներս «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում հետաքրքիր գրառումներ են արել, որում անդրադարձել են լռելու, լռության անհրաժեշտությանը։
Այսպիսով`դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.
«Ընդհանրապես ու արդեն քանի տարի պետք էր գոնե մի պահ լռել․․․ հասկանալու համար ագրեսիայի, ատելության ու անհագ վրեժի էս տարօրինակ մոլուցքը, երբ կուրացրեց մարդկանց․․․ փափուկ, թավշյա բարձր տակ պարզվեց փշեր էին միայն, որ արյունլվիկ արեցին ուղեղները․․․ Ուղեղները․․․ լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել։ Կարեւորը սովորել լսել նախ ինքդ քեզ․․․ մենք անգամ մեզ չենք ճանաչում, չենք հասկանում․․․ «Կույր» մարդն ուրիշի ցավն ինչպե՞ս տեսնի․․․, եթե ինքն իր հիվանդությունը չի տեսնում․․․», – գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Լռելու կարևորության մասին իր մտքերեվ է կիսվել նաև պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, ով արդեն մի քանի տարի է ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում:
«Երեւի մի օր․․․
Մենք՝ բոլորս, երեւի մի օր կսովորենք լռել, կհասկանանք՝ լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել։ Կհասկանանք, որ կորուստն ավելի շատ լռությամբ է պետք հարգել։ Կհասկանանք, որ վայնասունը, բազմահաչն ու գոռգոռցները հարգելու ու կարեկցելու տարբերակ չեն։ Ու երեւի մի օր կհասկանանք, որ պետք չէ սպասել մահի, որպեսզի բոլորով սկսենք խոսել, փոսթեր անել ու հոգոցներ հանել։ Ու դրան հակառակ՝ մենք լռում ենք, երբ լռելու իմաստ չկա։ Լռում ենք, որովհետեւ մեզ մեկ է, մենք անտարբեր ենք, մեր դուռը չեն ծեծել․․․ Մենք խառնել ենք տեղերը խոսքի եւ լռության, բայց երեւի մի օր․․․», – գրել է Մանոն։
Լիդա Եղիազարյան