ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԱՂԱՎՆՈՆ ԿԼՔԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց բնակավայրերը։ Այս օրերին մի խումբ երիտասարդներ կազմակերպել են Աղավնոյի ինքնապաշտպանությունը: Նրանք վստահ են, որ եթե գոնե 500 հոգի իրենց ընտանիքներով գնան Աղավնո, բեկում կմտցնեն: Այնտեղ նաեւ բազմաթիվ մշակութային իրադարձություններ են նախատեսված։

 

Հետաքրքիր է, որ այս օրերին Աղավնո են այցելել բազմաթիվ պատգամավորներ թե՛ Արցախի խորհրդարանի, թե՛ Հայաստանի ընդդիմադիր խմբակցություններից։ Այս օրերին իր ընտանիքով Աղավնոյում է գտնվում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ պատգամավորները նպատակ են ունեցել համոզել հանգիստ դուրս գալ տարածքներից։

Լաչինի միջանցքի փոփոխությունը, զինաթափման պահանջը եւ հայ բնակչության տեղահանումը ցեղասպանական գործողություն է 100 տարի առաջվա նույն մեթոդներով ու նույն դերակատարներով։

Չեն օգտագործվել նոյեմբերի 9-ից հետո մինչ այսօր հայկական խնդիրները միջազգային լեգիտիմ կառույցների քննարկմանը վերադարձնելու եւ խորհրդարանում որոշումներ ընդունելու հնարավորությունները։

Հնարավորությունները, հայկական իրավունքների փաթեթը, Հայաստանի աշխարհքաղաքական կշիռը ոչ մի տեղ չեն կորել, եւ դա լավ են հասկանում Մոսկվայում ու Բաքվում։

Որքան էլ իշխանությունները հավաստիացնում են, թե դա ամրագրված է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, տեսակետ կա, որ այնտեղ ամրագրված է դրույթ միայն Շուշիի մասին, որ այդ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ Բերձորը կամ Աղավնոն։ Բացի այդ, պայմանագրում նշված է ժամկետ՝ մինչեւ 3 տարի։ Այսինքն՝ դեռ  2 տարին էլ չի լրացել, Ադրբեջանն արագ կառուցել ավարտել է ու ասում է՝ դուք էլ եկե՛ք, անմիջապես կառուցե՛ք  ու երկու շաբաթում մեզ տվե՛ք Լաչինը։

Երկրորդ՝ իրենք ճանապարհը կառուցել են գոյություն ունեցող գյուղական ճանապարհի վրա, լայնացրել, լավացրել են։ Այն Կոռնիձորի մոտից՝ սահմանի վրայից  գնում հասնում է մինչեւ Լաչին, որը միանում գնում է դեպի Շուշի։ Այն Լաչինից 10-15 կմ հեռու է դեպի հյուսիս-արեւելք, ամբողջությամբ շրջանցում է  այդ հատվածը։ Իրենց նպատակն էլ հենց այն էր, որ Լաչինն առանձնացնեն, մնա իրենց։

Իրենք համաձայնագրի կետերը չեն կատարում, սակայն պահանջում են որ հայկական կողմն անի դա։

Ն.Հ.

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Բրյուսելում եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում են նախապատրաստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մենք գիտե՞նք օրակարգը։ Քանի՞ հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որից հետո Ադրբեջանը ոչ մի գերի չի վերադարձրել։ Փաշինյանը  նույնիսկ դրան չի կարողանում հասնել»,- նշեց Աշոտյանը։

Քաղաքական գործիչը վտանգավոր անվանեց ոչ այնքան ստորագրված թղթերը, որքան Փաշինյանի տված խոստումները, ինչի մասին վկայում է Բերձորի հետ պատմությունը։ «Բերձորի շուրջ տեղի ունեցող գործընթացները դավաճանություն են։ Երբ հասարակությունը զգուշացրեց, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, իշխանությունները մեղադրեցին ընդդիմությանը ադրբեջանական օրակարգին սպասարկելու մեջ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

 

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ՝ +39…+41

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այդ հանգամանքով պայմանավորված՝ օգոստոսի 15-18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կհասնի +39…+41 աստիճանի։ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

 

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ՝ ՕՁԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օգոստոսի 12-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երեւանում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Կոտայքի մարզի Բջնի, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 իժ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹ

Ինչպես հայտնի է, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին նախաքննական մարմինը փմտրում եւ ճշտում է առեւտրի կենտրոնի տնտեսվարողների ինքնությունը, որից հետո նրանց զգուշացնում է, որ առաջիկայում հրավիրելու է հարցաքննության: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահները փորձում են պարզել, թե վերոնշյալ պահեստում որքան հրավառ նյութեր են եղել, ով է կոնկրետ շենքի պատասխանատուն, արդյոք հրավառ նյութերի դասավորվածությունը եղել է կանոնների պահպանմամբ եւ այլ նմանօրինակ հարցեր: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային եւ քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ առեւտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաեւ հարակից շինություններ եւ կայանված ավտոմեքենաներ: Դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Պարզվում են առեւտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Դատավորները մեկը մյուսի հետեւից դատի են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ հանձնաժողովի, մյուս դատավորը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը եւս դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ պահանջում է, որ իր ամուսնու՝ Գարիկ Յավրումյանի վերաբերյալ քննված քրեական գործից բխող, հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն վերջինիս կողմից քրեորեն պատժելի արարքներ, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, կատարված չլինելը հաստատեն:




Լրահոս