ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

 

Հիշյալ դեպքի վերաբերյալ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ կրծքավանդակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի 51-ամյա բնակչի դին: Մեկ այլ հաղորդմամբ էլ տեղեկացվել է, որ «գլխի պատռած վերքեր, ձախ ակնակապճի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հագվի գյուղի 54-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Աքորի եւ Հագվի գյուղերի նշված բնակիչների՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները:

Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս դեպքի նախորդ օրը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հագվի գյուղի բնակչի կողմից իր տրակտորով Աքորի գյուղի բնակչին պատկանող խոտը հակավորելու շուրջ:

2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Հագվի գյուղի բնակիչն իր տրակտորով ժամանել է Աքորի գյուղի բնակչին պատկանող հանդամաս, սակայն տեսնելով խոտի սակավությունը՝ հրաժարվել է հակավորել այն, ինչին ի պատասխան՝ Աքորիի բնակիչն օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել եւ հայհոյել է Հագվիի բնակչին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, վերջինս, տանից վերցնելով իր անվամբ հաշվառված «ԻԺ 39» մոդելի, 12մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել է նշված հանդամաս եւ երկու անգամ կրակել Աքորիի բնակչի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ դեպքին ականատեսները՝ տուժողի որդին եւ եղբորորդին, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հագվի գյուղի բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հագվի գյուղի բնակիչը, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ձերբակալվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք: Վերջինիս որդին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որոսորդական հրացանը: Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է Զինված ուժերում օգոստոս ամսվա առաջին կիսամյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունը։

 

«Ոչ մարտական կորուստների վիճակագրությունն  եմ նայում, որը եւս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։ 15 օրում՝ 5 ոչ մարտական զոհ։

Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին՝ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։

Շուրջ 2 տասնյակ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ՝ ՀՀ-ում եւ Արցախում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում։

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սեւանա լճում լողալիս ջրահեղձ է եղել մի քաղաքացի։

Ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին եռամսյա զորահավաքի մասնակից է, ով այդ պահին դեռեւս անհայտ պայմաններում գտնվել է այդ տարածքում։

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադեւոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»,-մանրամասնել է պատգամավորը:

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մի տղամարդը է զանգահարել ոստիկանություն եւ ասել, որ գնում է պայթեցնելու Գյումրու տարածքային հարկային տեսչության շենքը: Իրավապահները հայտնաբերել են տղամարդուն եւ տարել բաժին: Պարզվել է, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

 

 

 

ՀՐԴԵՀ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 18։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ այրվում են անասնակեր եւ ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցում գտնվող տանը եւ հարակից շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 22:01-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը՝ մասնակի (մոտ 120 քմ), հարակից շինությունում կուտակած անասնակեր (մոտ 1000 հակ), 5 պատուհան, որից 2-ը՝ մասնակի, եւ տան մոտ կայանած Chevrolet Epica մակնիշի ավտոմեքենան։

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿՆՈՋ ԴԻ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07.35-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ 46-ամյա Արմինե Գ.-ն է: Ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա եւ 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեք տղամարդիկ կալանավորվել են:

 

 

 

ԱՅՐՎԵԼ Է ՄԵՔԵՆԱ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում: Այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան, եւ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ հեռավորությունից: Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

 

 

 

 




Լրահոս