Արմեն Ղուլարյանը պետական պաշտոն զբաղեցնում է դեռեւս 1976 թվականից: Այժմ նա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն է:
ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա ներկայացրած տարեկան հայտարարագրերը: Նշենք, որ Ղուլարյանը 2011 թվականին զբաղեցել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Այսպես, Ղուլարյանի դրամական միջոցները 2011 թվականին կազմել են 12 մլն դրամ, 45 հազար դոլար: Այդ տարի նա 20 հազար դոլար է նվեր ստացել: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը տարեկան կազմել է 2 մլն 288 հազար դրամ: Ղուլարյանի դրամական միջոցները 2012 թվականին կազմել են 40 հազար դոլար, 12 մլն դրամ, 2013-ին՝ 12.5 մլն դրամ եւ 45 000 դոլար, 2014-ին՝ 44 հազար դոլար, 12 մլն դրամ, 2015-ին՝ 48 հազար դոլասր, 12 մլն դրամ, 2016-ին՝ 12 մլն դրամ, 50 հազար դոլար, 2017-ին՝ 12 մլն 800 հազար դրամ եւ 54 000 դոլար, 2018-ին՝ 13 մլն 200 հազար դրամ եւ 54 500 դոլար:
Նա 2018-ին ստացել ամսական 417 հազար դրամ աշխատավարձ եւ կենսաթոշակ: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ղուլարյանն Իջեւանում ունի մեկ առանձնատուն, որը ժառանգություն է ստացել 2013-ին: 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց: Բանկային հաշվին առկա գումարը կազմել է 606 հազար դրամ գումար, իսկ կանխիկ գումար Ղուլարյանն ունեցել է 4.6 մլն դրամի եւ 45 հազար 800 դոլարի չափով: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 848 հազար դրամ: Ստացել է ամսական 52 հազար դրամի չափով կենսաթոշակ:
Պաշտոնյայի բանկային հաշվին 2020 թվականին առկա մնացորդը կազմել է ավելի քան 2 մլն դրամ, կանխիկ գումարը՝ 4 մլն 600 հազար դրամ, 24 հազար 500 դոլար: Ամսական ստացել է 802 հազար դրամ աշխատավարձ եւ 64 հազար դրամ կենսաթոշակ: Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ շրջանում Ղուլարյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:
Նախորդ տարի բանկային հաշվին Ղուլարյանն ունեցել է ավելի քան 3 մլն դրամ, կանխիկ գումարը՝4 մլն 900 հազար դրամ, 25000 դոլար: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ամսական աշխատավարձը նախորդ տարի կազմել է 1 մլն 27 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ 59 հազար դրամ:
Ղուլարյանի կինը՝ Սիլվա Մկրտումյանը, տարիներ առաջ մեկ ընկերությունից 1 մլն 200 հազար դրամի չափով շահաբաժին է ստացել:
Սիլվա Մկրտումյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Իջեւանում ունի հասարակական նշանակության մեկ շինություն: Բացի այս, Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան: Պաշտոնյայի կինն ունի 2007 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2007-ին: Նախորդ տարեվերջին նա ունեցել է 800 հազար դրամի եւ 900 եվրոյի չափով կանխիկ գումար: Ծախսերի հայտարարագիր ամուսինները չեն ներկայացրել:
Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին: Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի: Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ
Կեղծ ահազանգերը չեն բացահայտվում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Այս մասին խոսել է ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պայթուցիկ նյութերի տեղադրման մասին կեղծ ահազանգերին։
Նրա խոսքով՝ զանգահարողը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի իր զանգը քողարկվի, իսկ ազգային անվտանգության գործառույթն էլ այն է, որ իրենք էլ փորձեն տեխնիկական հնարավորություններով գտնել զանգահարող անձնավորությանը:
«Օբյեկտիվ պատճառն այն է, որ տեխնիկապես չեն կարողանում գտնել, իսկ սուբյեկտիվը՝ մարդկանց խելքը չի կտրում: Զանգահարողի խնդիրն այն է, որ ինքը չբացահայտվի, իսկ հատուկ ծառայությունների գործն էլ այն է, որ տեխնիկական հնարավորություններով գտնեն զանգահարողին։ Հետեւելով ռումբերի մասին պարբերական դարձած զանգերին՝ տպավորություն է, թե նույն ձեռագիրն է։ Վարկածներից մեկն էլ կարող է այն լինել, որ դա անում է նույն մարդը կամ մարդկանց մի խումբ»,- նշեց ԱԱԾ նախկին ղեկավարը։
Այսպիսի ահազանգերը, ըստ Համբարձումյանի, չեն կարող անհետեւանք մնալ, քրեական գործեր են հարուցվում, նախաքննություն է իրականացվում, որից հետո պարզվում է զանգեր կատարելու դրդապատճառը:
«Ես մեր տղաներին իմանալով կարող եմ ասել՝ իրենք ձգտում են այդ ամենը բացահայտել, իսկ թե ինչու չեն կարողանում, ուրիշ հարց է»,- ասաց Համբարձումյանը:
ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են, սակայն այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ դրանք չեն կրել։ «Այդքան տարի մենք պարզել ենք կեղծ ահազանգողների ինքնությունը, հիմա չգիտեմ՝ ինչու չի արվում դա»։
Հարցին՝ տեխնիկապես հնարավոր է արդյոք նույն օրվա ընթացքում 4-5 վայրում ռումբի մասին ահազանգ լինի, ու ընդամենը 4 ժամ հետո պատասխանատու կառույցները հայտարարեն, թե ահազանգերը կեղծ են, Միքայել Համբարձումյանն ասաց. «Եթե ուժերը բավարարել են, ու այդ ժամանակում պարզել են, լավ է, իսկ եթե չճշտված հայտարարություն են արել, օրենք են խախտել։ Այդպիսի պատասխանատվության տակ խելացի ղեկավարը չէր մտնի»:
Համամի՞տ է այն տեսակետին, թե պարբերական դարձած ռումբերի մասին ահազանգերով երկրում փորձում են կառավարելի քաոս ստեղծել. ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց. «Այսինքն՝ երկրում ուզում են քաոս ստեղծել, որ ի՞նչ անեն, իրենց մութ գործե՞րը կարգավորեն։ Դժվար է ասել. դա վարկած է, որը պետք է քննության առարկա դառնա։ Իսկ ինչու՞ չեք մտածում, որ հակառակորդ պետությունն է անում։ Ամեն ինչ հնարավոր է»։
Իսկ մեր երկիրն արդյոք անվտանգության առումով խոցելի վիճակում չէ՞. հարցին ի պատասխան՝ Համբարձումյանն ասաց, որ հաշվի առնելով մեր երկրի ներսում եւ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ:
Ն.Հ.
ՃԱՆԱՊԱՐՀԱԵԶՐԻ ՓԱԿ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ
Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող զուգարանի դռները փակ են: Նույն կերպ ամուր կողպված են նաեւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին գտնվող զուգարանի դռները: Երբեմն կարելի է տեսնել միջպետական ավտոճանապարհի եզրին իրենց բնական փոքր կարիքները հոգացող վարորդների եւ ուղեւորների: Տարիներ առաջ Տավուշի մարզով ձգվող միջպետական ավոտճանապարհի եզրին զուգարաններ սարքեցին, կահավորվեցին, սակայն կարճ ժամանակ անց թալանվեցին, դրանց սանհանգույցները ջարդվեցին, եւ այդ ժամանակից զուգարանները փակ են։ Բնական կարիքները հոգալու հարմար տեղը ճանապարհի եզրին գործող ԱԳԼՃԿ-ների զուգարաններն են։ Տավուշի մարզում շատ են պատմական հուշարձանները, հոգեւոր կենտրոնները՝ Հաղարծինը, Գոշավանքը, Մակարավանքը եւ այլն, ուր ամեն տարի հազարավոր արտասահմանցի զբոսաշրջիկներ են այցելում, նրանց համար ճանապարհի եզրին՝ անտառում բնական կարիքները հոգալն անսովոր է։ Ճանապարհների եզրերին հասարակական զուգարանների բացակայությունը տուրիզմի զարգացման արգելակ է։
ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի եւ ազոտի երկօքսիդների պարունակությունները. այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտորնից։
Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։
Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակը, ըստ ստացիոնար կայանների տվյալների, օգոստոսի 15-16-ին եղել է՝
l Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1.8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1.3 անգամ,
l Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։