Բեռնատար մեքենաների վարորդները երեկ՝ օգոստոսի 16-ին, փակել էին Գորիս-Սիսիան ճանապարհը, ապա որոշ ժամանակ անց` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկումից հետո, բացել են այն։
Նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասաց, որ վարորդները դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։
«Նախարարը աշխատանքային այցով Կոռնիձորի եւ Տաթեւ-Աղվան ճանապարհների աշխատանքներին հետեւելու համար էր գտնվում Սյունիքի մարզում, Գնել Սանոսյանը հանդիպել է նաեւ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակած վարորդների հետ, որոնք դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից։ Մի քանի օր է՝ Հայաստանի տարածք մտնելիս բեռնատարները կշռվում են, գերբեռնված բեռնատարները տուգանվում են ու պարտավորվում են բեռը հասցնել սահմանված չափի։ Վարորդները պահանջում են սահմանված թույլատրելի առավելագույն 26 տոննա զանգվածը դարձնել 28 տոննա։ Նրանք 4 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել նախարարին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհը բացել եւ Երեւանում նախարարի, վարորդների եւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացնել, որից հետո պարզ կլինի՝ որքանով են վարորդների առաջարկներն ընդունելի»,- ասաց Սոնա Հարությունյանը։
Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհները, այդ թվում՝ Տաթեւ-Աղվանը, հիմնականում վնասվում են հենց գեռծանրաբեռնված բեռնատարների պատճառով։
«Կառավարության մակարդակով շատ խիստ պահանջ էր դրված ապահովել այդ նորմերի պահպանումը»,- ասաց Սոնա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17-ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։
Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։
4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա, եթե 2 ուղղորդող սռնիներով են, եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան։
3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի (3 սռնի ունեցող կցորդով) թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի (2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով) թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը: Կասեցման հիմքը «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:
«ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» եւ «Պանիր» արտադրատեսակներից եւ հանձնել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ
ՀՀ կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Խելամիտ հարմարեցումները նախատեսված են այն անձանց համար, որոնք ունեն հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցություն ցուցաբերելու առումով:
Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում անձը կկարողանա բավարար կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել, կամ ակնկալվում է, որ կկատարի ուսումնական հաստատություն ընդունվելիս ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։
Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը (երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը), ինչպես նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դիմորդը ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի, իսկ սովորողը՝ ուսումնական հաստատությունում սովորելու ամբողջ ընթացքում:
Համապատասխան կարիք ունեցող անձն իրավունք ունի ստանալ խելամիտ հարմարեցումներ՝ անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: