«ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԵՎԱՆ» ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-25-ը կանցկացվի «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնը, որի համերգները կկայանան «Առնո Բաբաջանյան», «Արամ Խաչատրյան» համերգասրահներում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Երեւանի քաղաքապետարանը։ Ակադեմիական երաժշտության սիրահարները կարող են դասական երաժշտության երեկոներ վայելել Երեւանի տարբեր համերգասրահներում։

 

Կամերային եւ սիմֆոնիկ 14 համերգների ընթացքում կներկայացվեն տարբեր ժամանակների դասական հեղինակների ստեղծագործություններ։ Ունկնդիրը կվայելի Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Ֆրանց Շուբերտի, Էդվարդ Գրիգի, Էդվարդ Էլգարի, Սեմյուել Բարբերի, Ֆրանսիս Պուլենկի եւ բազմաթիվ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կներկայացվի նաեւ հայ կոմպոզիտորական արվեստը՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Ղազարոս Սարյան, Ջոն Տեր-Թադեւոսյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Երեւան են հրավիրված հայտնի արտիստներ, ելույթ կունենան նաեւ հայ երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, խոսելով Երեւանում առաջին անգամ անցկացվող «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի խորհրդի մասին, ընդգծել է, որ այն կազմակերպվել է՝ կարեւորելով հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի բարձրարժեք ստեղծագործությունների ներկայացումն ու հանրահռչակումը, հայկական կատարողական եւ կոմպոզիտորական արվեստի զարգացումը։ Երեւանի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել փառատոնի իրականացմանը՝ նպաստելով մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացմանը, Երեւանի՝ որպես փառատոնային եւ մշակութային քաղաք դիրքավորմանը։

«Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է բարձրարժեք մշակութային նոր նախաձեռնությունների աջակցության, Երեւան քաղաքում մշակութային առավել հագեցած միջավայրի ձեւավորման, մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար բազմաբովանդակ մշակութային ժամանցի կազմակերպման նպատակով իրականացվող ծրագրերի խթանման ու խրախուսման քաղաքականություն։  Այս ամենը կնպաստի մշակութահեն հասարակության, հոգեւոր-մշակութային եւ բարոյական բարձր արժեքներ կրող ապագա քաղաքացու ձեւավորմանն ու կայացմանը»,- ասել է Լեւոն Հովհաննիսյանը: Փառատոնն ունի նաեւ կրթական բաղադրիչ։ Լեւոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգների ընթացքում ներկա կգտնվեն Երեւանի հանրակրթական դպրոցների աշակերտները, ինչպես նաեւ երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները: Նախատեսված է նաեւ իրականացնել աշխարհահռչակ երաժիշտներ Ջիովանի Զանոնի, Սալիմ Աշքարի, Ալեքսանդր Ռամի, Բրանոն Չոյի, Նոյեմի Գյորիի, Վանեսա Բենելիի վարպետության դասերը, որոնք կկայանան Երեւանի քաղաքապետարանի՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում:

«Երեւան համայնքի մշակութային միջավայրը կարեւոր դերակատարություն ունի համայնքային համակեցության ավանդույթների պահպանման եւ զարգացման,  անհատի եւ հանրության ստեղծագործ մտածողության խթանման, հոգեւոր-մշակութային, սոցիալական եւ տնտեսական ներդաշնակ զարգացման գործընթացներում»,- ասել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ հենց այս նպատակով, պետական մշակութային քաղաքականությանը համահունչ, Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է արվեստի տարբեր բնագավառների զարգացման, նոր, երիտասարդական եւ դեբյուտային ծրագրերի կազմակերպման, միջոլորտային ծրագրերի, մասնավորապես՝ մշակութային զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրեր: Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Երեւանի քաղաքապետարանի առաջիկա ծրագրերի մասին՝ Լեւոն Հովհաննիսյանը նշել է, որ նվագախմբի հետ համատեղ օգոստոսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսված է իրականացնել «Երեւանի օրերը՝ Գյումրիում» ծրագրի եզրափակիչ գալա համերգը, որը կրում է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» խորագիրը:

Լ. Ե.

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Sensor երաժշտության եւ ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում` Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում։

 

Միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ: Փառատոնը նախատեսում է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցում են աշխարհահռչակ մեդիա արտիստներ։ Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54-մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, դե իսկ փառատոնի երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։

Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին եւ ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը, փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ եւ ինստալյացիաներ են պատրաստում։

Փառատոնի արտ-պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստները՝ Արտեմ Ստեֆանովը, Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը, կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչեւ թատերական ներկայացումներ:

Փառատոնի թիմն ամբողջ աշխարհում (Նյու Յորք, Բեռլին, Բարսելոնա, Մոսկվա) խոշոր մշակութային միջոցառումների անցկացման փորձ ունի: Կազմակերպիչների արխիվում են ամենաբարձր մակարդակի միջոցառումներ, ինչպիսին է, օրինակ, բազմօրյա երաժշտական փառատոնը՝ անցկացված Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային նշանակության օբյեկտ է։Մ Sensor-ը լիարժեք եռօրյա փառատոն է: Կազմակերպվում է քեմփինգ, որտեղ հյուրերը կարող են տեղադրել իրենց սեփական վրանը կամ վարձել արդեն տեղադրվածը ստանդարտ կամ պրեմիում տարբերակներով: Գործելու է սննդի կետ՝ ընդարձակ ճաշացանկով։ Միջոցառման ողջ ընթացքում սոցիալական ակումբի մուտքը բաց կլինի։ Փառատոնի անցկացման վայր Երեւանից եւ հակառակ ուղղությամբ կարող եք հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային երթուղիներով:

 

 

 

2 ՄԵԴԱԼ՝ ԷՐԶՐՈՒՄՈՒՄ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը արդեն երկու մեդալ է ապահովել։ Մրցումների չորրորդ օրը քառորդ եզրափակիչում հաղթանակ է տարել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը. հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Քառորդ եզրափակչում նա մրցել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիեւի հետ ու հաղթելով մեծ առավելությամբ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Օգոստոսի 14-ին բրոնզե մեդալ էր ապահովել նաեւ 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։

 

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում: «Մաստերս» մրցաշարի առաջին տուրում Խաչանովը մրցակիցը տղամարդկանց մենախաղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Կորդն էր: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղից հետո Խաչանովը զիջել է երկու սեթերից հետո 6:3, 6:4 հաշվով: Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ «Մաստերս» կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899թ.: Այն դասվում է թենիսի «Մաստերս 1000» կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

 

 

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը: Գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ վազորդ Երվանդ Մկրտչյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Աղասյանը գրանցել է 16.03 մետր արդյունք եւ գրավել 14-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 1500 մետր տարածությունը հաղթահարել 3.34 րոպե արդյունքով: Նա 22-րդն է: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են մինչեւ 12-րդ տեղը զբաղեցրած մարզիկները:

 

 

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կենսագրական ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի մասին։ Ժապավենը կպատմի Մոդիլիանիի մասին ստեղծագործական ճգնաժամի ժամանակաշրջանում։ Սյուժեի գործողությունները տեղի են ունենում 1916 թվականին Փարիզում երկու օրվա ընթացքում, որից հետո Մոդիլիանին ընդմիշտ մնաց պատմության մեջ։ Ալ Պաչինոն կլինի Մոդիլիանիի պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմը հիմնված է դրամատուրգ Դենիս ՄաքԻնթայրի համանուն պիեսի վրա։ Նախագծի նկարահանումները կսկսվեն 2023 թվականի գարնանը։ Դերասանական կազմը կհայտարարվի շուտով։

 

 




Լրահոս