Լուսանկարն արվել է Երեւանում
Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, միմյանց են բախվել 45-ամյա Հայկ Մոսյանի վարած Mercedes մակնիշի եւ 27-ամյա Ցոլակ Հայրապետյանի վարած Toyota Camry մանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որո՞նք են խնամատարության սահմանված ժամկետները:
Վարդուհի Նանանյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը:
Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:
Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունն իրականացնելու մասին սկզբնական համաձայնություն ստանալու դեպքում աշխատակազմը մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի եւ երեխայի հանդիպումը կազմակերպելու նպատակով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար, ի՞նչ ժամկետներ են գործում:
Վարդան Սիմոնյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն եւ այլն)` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լրացուցիչ արտաբյուջետային գումար վճարվում է հետեւյալ դրույքաչափերով.
l մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 150.000 ՀՀ դրամ,
l երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 120.000 ՀՀ դրամ,
l յոթերորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 50.000 ՀՀ դրամ: