ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 71

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 2 ամիս առաջ տիեզերք իբրեւ թե ուղարկված արբանյակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ չէ, որ գրել է: Այս անգամ, սակայն, ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»: Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեեւ այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչեւ այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։ Փաստենք, որ «ընդամենը մեկ արբանյակը», որ, ըստ կառավարության անդամների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մոտ 2.5 ամիս սավառնում է երկնակամարում, որեւէ լուսանկար, կոորդինատ կամ այլ փաստ չի տրամադրել: Հարց կարող է առաջանալ՝ ՀՀ-ն տիեզերքում արբանյակ ունի՞ իսկապես, թե՞ ոչ: Հանուն արդարության՝ փաստենք (ինչպես վերը նշել ենք), որ տիեզերքում սեփական արբանյակ ունենալու կարեւորության մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում՝ համեմատություն անցկացնելով Ադրբեջանի հետ: «2017-ին Ադրբեջանը Երկրի ուղեծրում երեք արբանյակ ուներ, որից մեկը՝ հետախուզական: Այո, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները հունական կղիներում, եվրոպաներում ու այնտեղ, որտեղ հնարավոր էր, հողամասեր էին գնում»,- պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլի 14-ին, նեղսրտում էր Փաշինյանը: Ի՞նչ է ստացվում. տիեզերքում արբանյակ ունենալու մասին իրարամերժ, մեկմեկու հակասող հայտարարություններով Փաշինյանն ու յուր թիմակիցները հերթական անգամ ստել են:

 

 

 

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար սահմանել։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքն արդեն իսկ նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ: Եվ, այսպիսով, առաջարկվում է հնարավորություն տալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ստանալու հավելավճար՝ ստաժի հաշվարկմամբ: Նախագծերով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաեւ վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը, կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու»  առեւտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, եւ շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առեւտրի կենտրոնը: Եւ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը  միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը: Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երեւան քաղաքի դատախաազ Սեւակ Հովհաննիսյանի:  Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաեւ Փորձաքննություների ՊՈԱԿ-ը, քանի որ մեկ տարի շարունակ չի տվել փորձագիտական եզրակացությունը. այն մեկ ամիս առաջ է միայն ստացվել։  Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Եթե մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը կասկածելի անուշադրության չմատներ եւ պատշաճ ուսումնասիրեր փաստաբանի միջնորդությունը, որտեղ բազմաթիվ խախտումների մասին էր բարձրաձայնել, եւ դեռ ավելին՝ քննիչն էլ փափուկ բարձ չդներ փաստաբանի գլխի տակ, թե հարցը կքննարկեն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, այսօր չէինք ունենան 16 զոհ: Կից ներկայացնում ենք փաստաթուղթը՝ հիմնավորումներով, թե ինչու էր անհրաժեշտ փակել «Սուրմալուն», ինչը Նիկոլ Փաշինյանի անկաշառ պետական օղակները չեն արել:

 

 

Հայաստանում քովիդ թեստերը դարձյալ պահանջված են: Օգոստոսի 8-14-ի դրությամբ գրանցվել է 1713 նոր դեպք, կատարվել է 6829 թեստավորում: Ունենք 1704 առողջացած, գրանցվել է 6 մահվան դեպք: Տեղեկացնենք, որ, երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին: Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ»  օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ եւ հետաքրքրվեց, թե ինչ արժե քովիդ թեստն այժմ: Նշենք, որ ՊՇՌ թեստերը շարունակում են բարձր գնով առաջարկվել քաղաքացուն: Պարզվեց, որ դրանց գները սկսում են 6000 դրամից եւ հասնում 9000 դրամի: Օրինակ՝ բժշկական կենտրոններից մեկն առաջակում է քովիդ թեստ 9000 դրամով, մյուսը՝ 6000 դրամով: Մեկ այլ բժշկական կենտրոնից «Ժողովուրդ»  օրաթերթին փոխանցեցին, որ քովիդ թեստ հանձնելու համար պետք վճարել 8000 դրամ, իսկ եթե Ռուսաստան մեկնելու համար է հարկավոր թեստի հանձնումը, ապա պետք է վճարել 9000 դրամ, այսինքն՝ 1000 դրամով ավելի: Ըստ այդ բժշկական կենտոնի՝ ՌԴ մեկնելու համար հատուկ ծրագիր է անհաժեշտ, ինչը ծախսատար է: Ի դեպ, տեղեկացնենք, որ քովիդ թեստերի գներն առաջիկայում է՛լ ավելի են բարձրանալու, եթե, իհարկե, պատկան մարմինները, մասնավորապես՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չվերահսկի ԲԿ-ներին ու լաբորատորիաներին:

 




Լրահոս