ԹԵ՛ ՔԱՂՀԱԼԱԾՅԱԼՆԵՐ, ԹԵ՛ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չալաբյանը, որ մեղադրվում է 2022թ.-ին «Դիմադրություն» շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար, շարունակում է անազատության մեջ մնալ:  Ըստ նրա՝ պաշտպանական թիմի՝ մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտահժված եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որեւէ պնդում չի անում:

 

Չալաբյանի գործի մասով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Չալաբյանի պաշտպանական թիմի անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանի հետ:

-Մոտ մեկ ամիս առաջ քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխվել էր, ու կիրառվել էր գրավով ազատ արձակելու որոշում:  Կարճ ժամանակ անց, սակայն, Չալաբյանը նորից էր կալանավորվել: Կխնդրեի նախ ներկայացնել, թե ի՞նչ փուլում է այժմ գործն, ու Ձեր գնահատականն ամբողջ այդ գործընթացին:

-Գործը դատաքննության փուլում է, հետազոտվում են ապացույցները: Ինչպեսեւ ենթադրում էինք, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գերխնդիրն է լինելու ապահովել Չալաբյանի նկատմամբ կալանքը: Ճիշտ է՝ Չալաբյանի կալանքի ժամկետով պայմանավորված՝ խափաման միջոցի փոփոխություն եղավ, ու Չալաբյանը հայտնվեց ազատության մեջ (մոտ 7 օր): Այդ 7 օրվա ընթացքում Ավետիք Չալաբյանը հակաօրինական վարքագիծ չդրսեւորեց, ավելին՝ անգամ դատախազությունը միջնորդեց գրավ կիրառել, բայց, այնուամենայնիվ, Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվերի շրջանակներում այլ բան չէր կարող անել, քան ոչ մեծ ծանրության մեջ մեղադրվող անձին՝ քաղաքական հետապնդման սյուբեկտին կրկին բանտ ուղարկելը:

-Վերջերս՝ քննարկումներից մեկի ժամանակ, ասել եք, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը հստակ գնում է դեպի մեղադրական դատավճիռ կայացնելը: Փոքր-ինչ մանրամասնեք, խնդրում եմ:

-Այո, ես այդպիսի գնահատական եմ տվել, որովհետեւ, այս գործի սկզբից սկսած, մեր կողմից տրված բոլոր գնահատականներն իրականացել են: Գործը տեղավորվում է քաղաքական հետապնդման շրջանակների մեջ, եւ ըստ այդ ալգորիթմի՝ քաղաքական հետապնդման գործընթացն իրենք գրեթե անխափան են առաջ տանում: Մենք «գուշակել էինք», որ գործը մակագրվելու է Մնացական Մարտիրոսյանին: Գուշակել էինք նաեւ, որ նա կրկին կալանավորելու է Չալաբյանին, եւ այդ նույն տրամաբանությամբ ենթադրում ենք, որ նրա սեղանին գրված եւ դրված է մեղադրական դատավճիռը:

-Չալաբյանի ընկերները, համախոհները, այդ թվում՝ Դուք, վստահ եք, որ նրա անձի շուրջը կատարվողը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, մինչդեռ ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլ նաեւ միջազգային կառույցները Չալաբյանին քաղհետապնդման զոհ չեն համարում:

-Տարօրինակ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն Ավետիք Չալաբյանին քաղբանտարկյալ կամ քաղաքական հետապնդման զոհ համարեին: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, ապա ես մի փոքր զարմացած եմ, քանի որ նրանք դեռեւս դիրքորոշում չեն հայտնել՝ ո՛չ ասել են քաղբանտարկյալ է, ո՛չ էլ հակառակը: Մենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք, շատերի հետ ակտիվ կապի մեջ ենք եւ անընդհատ զինում ենք իրենց տեղեկատվությամբ, ստանում ենք իրենց պատասխանները, եւ, իհարկե, այդ ամենը կարճ ժամկետում չի լինում: Իմ կարծիքով՝ կլինեն նաեւ տարբեր կազմակերպությունների զեկույցներն ու դիրքորոշումները:

-Որպես  իրավաբան՝ այսօր, բացի Չալաբյանից, այլ քաղհալածյալների կա՞ն: Իշխանության հատուկ գործելաոճ տեսնո՞ւմ եք այդ մասով:

-Իհարկե, կան քաղհալածյալներ եւ քաղբանտարկյալներ. Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը… Սակայն քաղհալածյալները միայն այն մարդիկ չեն, որոնք բանտարկված են, այլ նրանք, որոնց դեմ տարատեսակ վարույթներ են հարուցված՝ դա կլինի քրեական վարույթ, հարկային մարմնի ստուգում կամ, ասենք, գույքի բրնագանձման վարույթ: Խնդիրը շատ պարզ է. իշխանությունները եղածի իրավական գործիքակազմը կիրառում են ոչ թե իրավաչափության, այլ քաղաքական հակառակորդների ճնշելու նպատակով: Այդ տրամաբանությունն այս տարիների ընթացքում շատ ակնհայտ է դարձել:

Զրույցը՝ ՍԵՎՍԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին օգոստոսի 14-ին  «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի  համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:

 

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար։

Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան նոտան դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին», – ասվում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգության հետեւանքով այս պահի դրությամբ ունենք 16 զոհ եւ 2 անհետ կորած քաղաքացի:

 

 

 

ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում օդի աղտոտվածությունը ավելացել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՇՄՆ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։ Արդեն երեք օր է, ինչ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մթնոլորտային օդն աղտոտված է։ Հիմնականում փոշու գերազանցում գրանցվել է Շենգավիթ եւ Կենտրոն վարչական շրջաններում։

«Ունենք օգոստոսի 15-16 ընկած ժամանակահատվածի տվյալներ, այսօրվանը դեռ չկա: «Սուրմալու»-ի մոտ տարածքում ունենք շարժական դիտակետեր՝ ծծմբի երկօքոսիդի, ազոտի երկօքսիդի համար, որոնք գերազանցել են: Ծծմբի երկօքսիդը 4.6 անգամ սահմանային թույլատրելի կոնցետրացիան գերազանցել է, իսկ ազոտի երկօքսիդը՝ 2.6 անգամ: Կենտրոնում՝ Կրկեսի մոտ, փոշու խտությունը գերազանցել է 1.4 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան` 1.1 անգամ»,- ներկայացրեց Գոհար Հակոբյանը:

Թե երբ կմաքրվի օդը, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել: Նրա խոսքով՝ աղտոտիչներն օդում մնալու հատկություն ունեն, եւ հնարավոր է, որ օրեր շարունակ օդն աղտոտված մնա:

Ի դեպ, մասնագետը խորհուրդ տվեց տանից շատ դուրս չգալ հարակից տարածքներ, դուրս գալուց դիմակ դնել, տան օդը խոնավեցնել, իսկ պատուհաններն էլ հաճախակի չբացել:

Մյուս կողմից՝ թոքաբան Նունե Ազիզյանը հորդորում է քրոնիկական շնչառական խնդիրներ, օնկոլոգիա ունեցող, սիրտանոթային պաթոլոգիայով պացիենտներին, հղիներին, հնարավորության դեպքում դուրս գալ քաղաքից: Նա նաեւ խորհուրդ է տալիս բակային տարածքները ջրել:

 

 

 

ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը։

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի՝ ջրծաղիկի դեմ պայքարի  քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Պատվաստումները 100%-ով արդյունավետ չեն. դա մեզ հիշեցնում է, որ պատվաստանյութը համադարման չէ, որ յուրաքանչյուր մարդ, որն իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը եւ ռիսկային սեռական հարաբերությունները: Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պլաններ է մշակում ուսումնասիրություններ անցկացնելու համար, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

 

 

 




Լրահոս