Վիեննայում եւ Դոհայում ամիսներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման վերաբերյալ վերջնական համաձայնությունը թվում է ավելի հասանելի, քան երբեւէ. IRNA-ն գրում է, թե Իրանն իր կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Եվրամիության կողմից ներկայացված Վիեննայի համաձայնագրի փոխզիջումային նախագծի։ Երեք հարցում կան տարաձայնություններ, որոնցից երկուսի հարցում ԱՄՆ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել։ Երրորդ խնդիրը պատժամիջոցների վերացման Իրանի պահանջն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ եթե Իրանը պատրաստ է վերադառնալ գործարքին, ապա Ամերիկան պատրաստ է։ Միաժամանակ Նեդ Փրայսը նշել է, որ եթե Իրանը չկարողանա կամ պատրաստ չէ ամբողջությամբ իրականացնել համաձայնագիրը, ապա պատժամիջոցները կպահպանվեն։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ ամերիկացիները Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին կուլիսներում խոսում են բենզինի, էներգիայի հետ կապված խնդիրների մասին եւ օգնություն խնդրում։
Այս համատեքստում Հայաստանը մեկուսացնելու հարցը, ի թիվս այլ բաների, դիտվում է որպես Իրանի մուտքը համաշխարհային շուկա խոչընդոտելու փորձ։ Իրանի նախկին արտգործնախարարն իր հրաժարականի նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը խոչընդոտում է միջուկային գործարքի վերականգնմանը։
Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են արգելափակել հայ-իրանական սահմանը եւ Հայաստանի ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր հաղորդակցությունները։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայ-իրանական սահմանի շրջափակումն է եւ Հայաստանի հարավի բռնակցումը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին կրկին հայտարարեց՝ պատասխանելով Հայաստանի մասին հարցին. «Մենք կոչ ենք անում պահպանել միջազգային սահմանները եւ պահպանել աշխարհաքաղաքական պայմանները տարածաշրջանում»։
Իրանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թեհրանը դեմ է Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելուն եւ հակազդելու է այդ քաղաքականությանը։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային գործարքի վերսկսումը կարող է հանգեցնել տարածաշրջանում մեծ վերափոխումների եւ Հայաստանի իրավիճակի ու դերակատարության փոփոխության։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ
ՀՀ ԱԳ նախարարի` ս.թ. օգոստոսի 17-ի հրամանով` Լեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Լեւոն Մինասյանն օրերս, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից:
ԻՋԵՑՎԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Հայաստանում հայտարարված երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը:
Երեւանում բրիտանական դեսպանատան առջեւ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց ծածանվող Հայաստանի դրոշները։
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԳԵՐԻՆԵՐ
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հանձնարարականով Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրեր, առանց նախնական ծանուցման։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նրանք հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գաղտնի ընդունելությունների շրջանակում տեղի ունեցած զրույցի ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր գերու համար «ապահովվում է» հեռախոսային կապ, նամակագրություն, կապ ընտանիքի անդամների հետ, տեղեկատվության հասանելիություն (հեռուստատեսություն, հրապարակումներ) եւ բուժօգնություն։ Նշվում է, որ ռազմագերիները չեն բողոքել պահման եւ բուժման պայմաններից։
ՈՒՇԱԳՐԱՎ ԱՎԱՐՏ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կարճել է ԱԺ պատգամավորի միջադեպով քրեական գործը:
Ահա թե ինչպես են մաքրվում իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց ձորի մարզում՝ գազալցակայանում, ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ուշագրավ դեպք է եղել: 43 տարեկան տղամարդը «Շիրակ» գերեզմանատան մոտ հրկիզման միջոցով փորձել է ինքնասպանություն գործել։ Վերջինս հայտնել է, որ չի ցանկանում ապրել:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս պահին քրեական գործով կալանավորված են երեք անձ՝ Աժ նախկին պատգամավորի երկու որդիները եւ աղմկահարույց կրակոցով եւս մեկ վկա, որին ամիսներ առաջ էին հայտնաբերել եւ կալանավորել:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ էր արձակել, եւ նրա ազատման հարցը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում:
Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ.-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Ի դեպ, հայտնաբերված անձը սպանված նախկին պատգամավորի մտերիմներից է: