«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տնտեսվարողներից տուժած քաղաքացու փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին, մի շարք կապիտ խախտումների մասին արձանագրել եւ հորդորել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը: Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել փաստաբանին: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի:
Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացվել։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները, սակայն մեկ ամիս անց ստացված փորձաքննության արդյունքներով նոր են մեղադրյալի հարց բարձրացնում, եւ որեւէ մեկը չկա կալանավորված: Եթե մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը քնած չլիներ եւ պատշաճ ուսումնասիրեր փաստաբանի միջնորդությունը, որտեղ բազմաթիվ խախտումների մասին էր բարձրաձայնել փաստաբանը, եւ դեռ ավելին՝ քննիչ էլ փափուկ բարձ չդներ փաստաբանի գլխի տակ, թե հարցը կքննարկեն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, այսօր չէինք ունենան 16 զոհ:
Փաստաբանը մի քանի դրույթ էր ներկայացրել՝
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի թիվ 12106321 քրեական գործով դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 07.04.2021թ. քննիչի որոշմամբ նշանակված փորձաքննությամբ պարզաբանման համար առաջադրվի 7, նաեւ՝ սույն բողոքի 7-րդ կետում նշված բոլոր հարցերը, 8-րդ կետից բխող հարցերը, փորձագետներին տրամադրվի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 31.05.2021թ. գրությունը, դրան կից 06.04.2021թ-ի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ստուգումներ անցկացնելու մասին Հ/217/2021 ակտը եւ 26.04.2021թ-ի վարչական տույժ նշանակելու մասին Հ/217-2021 որոշումը,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի թիվ 12106321 քրեական գործը քննվի առանց ձգձգումների, նշանակված դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննությունն իրականացվի ողջամիտ ժամկետում՝ նման փորձաքննությունների կատարման համար ՊՈԱԿ-ի կանոնակարգով սահմանված ժամկետում՝ հաշվի առնելով հրդեհի հետեւանքով տուժած տնտեսվարողների շահերը, ձեռնարկատիրական գործունեության խափանումը, սեփականության իրավունքի խախտումը եւ այդ ամենով պայմանավորված փորձաքննության կատարման ժամկետների ձգձգման բացասական հետեւանքները,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ ընկերության շահերից բխող եւ այդ ընկերության օգտին եզրակացություն ստանալու նպատակ հետապնդող գործողությունների կատարումը,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի թիվ 12106321 քրեական գործին տրվի արագ ընթացք, իրականացվի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն գործի իրական հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի կալանք կիրառվի առեւտրի կենտրոնի սեփականատեր ընկերության գույքի վրա՝ քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար,
l հաշվի առնելով սույն բողոքի 2-րդ եւ 3-րդ կետում նշված հանգամանքները՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի թիվ 12106321 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գործողություններին, անգործությանը եւ թերացումներին,
l միջոցներ ձեռնարկել, որպեսզի թիվ 12106321 քրեական գործով վարույթն իրականացնող քննչական մարմինը քննություն իրականացնի սույն բողոքի 9-րդ կետում նշված բոլոր հանգամանքների վերաբերյալ:
Ք.Մ.
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: ArmLur.am-ը գրել էր, որ դատախազ Կորյուն Ներսիսյանը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:
Ի դեպ, ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով շոշափվող Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը:
Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։
Դատախազ Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը: ArmLur.am-ին հասած տեեկությունների համաձայն՝ այս քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը մտել է Արմավիրի մարզի դատարան եւ քննչական գործողություններ է իրականացրել ինչպես դատարանի նախագահի, այնպես էլ գործով այլ դատավոր Արթուր Ադամյանի աշխատասենյակում: Փորձեցինք տեղեկությունն անձամբ պարզել դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանից. «Մենք որեւէ առնչություն չունենք. դա մի քիչ գաղտնի է, չեմ կարող փակագծերը բացել»: Ըստ էության, դատարանի նախագահ Հովհաննիսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը:
Ք.Մ.
ՎԹԱՐ
Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 33-ամյա Հովհաննես Վ-ի վարած Toyota մակնիշի եւ 41-ամյա Արարատ Մ-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Lada-ի ուղեւոր, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Հասմիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։
ՋՐԱԽԵՂԴ Է ԵՂԵԼ
2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող Բերդունց բաղ կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ, 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել:
ՀՈՐԴՈՐ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առեւտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռեւս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր եւ պարագաներ, դրանք չօգտագործել եւ նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: ՔԿ-ն վստահեցնում է, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որեւէ իրավական հետեւանքներ:
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը՝ հավելելով, որ առեւտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել:
ԿԱՆԵՓՆ ԻՐԵՆՆ Է
Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում:
Ոստիկանության լրատվական բաժնից փոխանցում են, որ օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: 39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել անձնական օգտագործման համար: Նախաձեռնվել է քրեական վարույթ: