ԲՈԼՈՐ ԾՆՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՆՊԱՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով: Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաեւ երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից: Առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  որոշման հավելվածի՝ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի: Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին՝ անկախ նրանց աշխատելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից:

Նման մոտեցման հիմքում ընկած է 2 փաստ: 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաեւ չաշխատող գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է եւ արժանի է պետական հոգածության:

Բացի այդ, նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ գյուղաբնակ ծնողի համար խնամքի նպաստի իրավունքի իրացման առանձնահատկություն սահմանելը չի ծառայում իր նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը տարբեր են: Ըստ այդմ, խնամքի նպաստի նոր գաղափարախոսությունից (այս նպաստի իրավունք տրվում է բոլոր ծնողներին՝ անկախ հաշվառման կամ փաստացի բնակության վայրից) ելնելով՝ նշված առանձնահատկությունը նպատակահարմար է վերանայել (հանել):

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխվում է խնամքի նպաստի գաղափարախոսությունը, անհրաժեշտություն է առաջանում վերանայել խնամքի իրավունքի իրացման՝ նշանակման, վճարման, ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու պայմանները, սահմանելու տարբերակված չափեր:

Գործող իրավակարգավորումներով խնամքի նպաստի չափը սահմանում է Կառավարությունը: Քանի որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կորցնում է իր եկամուտը, նպատակահարմար է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը սահմանել ավելի բարձր:

Հարկ է նշել, որ համանման մոտեցում կիրառված է մայրության նպաստի համակարգում. աշխատող ծնողի մայրության նպաստը հաշվարկվում է եկամտից, իսկ չաշխատող ծնողինը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում: Առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում՝ վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողին՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով: Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված՝ խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները՝ նախագծով առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները՝ դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՕՐՅԱ ՍՈՒԳ Է

Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում երեկ եւ այսօր՝ օգոստոսի 17-18, հայտարարվել են սգո օրեր՝ ի հիշատակ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով մահացածների։

Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

Սուգ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ տարբեր երկրներում հայտարարվում է բնական աղետների, խոշոր վթարների եւ օդային աղետների, ահաբեկչական ակտերի կապակցությամբ:

Հայաստանում սգո օր հայտարարվել է նաեւ՝

l 1992 թվականի ապրիլի 17-ին՝ Արցախի գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը,

l 1994 թվականի օգոստոսի 26-28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ,

l 1999 թվականի հուլիսի 6-8-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ,

l 1999 թվականի հոկտեմբերի 29-31-ին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ,

l 2006 թվականի մայիսի 5-6-ին 2006 թվականի մայիսի 3-ին Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված 113 մարդու հիշատակը հարգելու կապակցությամբ,

l 2007 թվականի մարտի 28-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ,

l 2009 թվականի հուլիսի 16-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 168 հոգի,

l 2018 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը,

l 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ին 44 օրյա պատերազմում զոհվածների հիշատակի կապակցությամբ:




Լրահոս