Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո միայն երեկ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը որոշեց ցավակցական խոսք հղել: Եվ սա այն դեպքում, երբ այդ օրերին ցավակցական խոսքեր են հղել նախկին ու ներկա պաշտոնյաներ, սակայն նախագահը լուռ է:
Ընդ որում, նախագահի պաշտոնական կայքում էլ միայն տեղեկատվություն է առկա այն մասին, որ Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչն է ցավակցական հեռագիր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, սակայն ՀՀ նախագահի կողմից ոչ մի խոսք:
Եվ սա այն դեպքում, երբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել։ Սակայն տարածվող նյութը ապատեղեկատվություն էր, քանի որ հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, սակայն նախագահը՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում: