ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ պետք է Հայաստանը պատասխանի ՌԴ-ին. ռուսական կողմը սպասում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։

Ինչպես հայտնի է, ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ–ին։ Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։

Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաև երեկ հայտարարեց` Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։

Իսկ ինչ է արվում նման դեպքերում: Նախ նշենք, որ նոտան դիվանագիտական ​​նամակագրության փաստաթուղթ է, որի միջոցով մի պետության կառավարությունը արտաքին հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ դիմում է մեկ այլ պետության կառավարությանը։ Իսկ «բողոք» բառը նշանակում է դժգոհություն, առարկություն, անհամաձայնություն, հերքում, ժխտում և այլն։ Չնայած այն հանգամանքին, որ դժգոհություն կամ մտահոգություն առաջացրած ցանկացած իրադարձություն կամ գործողություն կարող է հիմք դառնալ հայտարարության և բողոքի նոտա հանձնելու համար, դիվանագիտական ​​կառույցները նման գործիքի են դիմում միայն լուրջ հիմքերի առկայության դեպքում։

«Բողոքի նոտա հղել» բառակապակցությունը շարքային քաղաքացու մոտ կարող է խորհրդավոր սարսափի զգացողություն առաջացնել, սակայն դա պարզապես ինչ-ինչ հարցերի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձև է, այդ նոտան էլ ընդամենը հատուկ տիպային շարադրանք պարունակող պաշտոնական նամակ է իրենից ներկայացնում: Հետաքրքիր է նաեւ, որ բողոքի նոտային պատասխանելու հստակ ժամկետներ չկան, սակայն պատասխանը պետք է լինի գրավոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս