Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի լրատվական բաժինը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը։
Իսկ ով է Բաբկեն Սեդրակյանը. վերջինս եղել է ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Սեդրակյանը 7-րդ վարչության պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերի 7-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից: Հետաքրքիր է, որ դրանից հետո՝ 2018 թվականի հուլիսին, պաշտոնի բարձրացում է ստացել Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին:
Դառնալով ոստիկանության 7-րդ վարչության պետ՝ Բ. Սեդրակյանը մտել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկի մեջ: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում վարչության պետը նշել է, որ ունի 1 առանձնատուն, 2 բնակարան (հասցեները չեն հրապարակվում), ինչպես նաեւ 7,5 մլն դրամ ու 12 հազ. դոլար, մինչեւ պաշտոնն ստանձնելն էլ (2018-ի ընթացքում) ստացել է 1,35 մլն դրամ աշխատավարձ:
«Հետքը» հատնել էր, որ Բ. Սեդրակյանը 2014 թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:
Ն.Հ.