2018թ հեղափոխությունից հետո երիտասարդ հեղափոխականները քանդեցին գրեթե բոլոր ոլորտները: Եւ խոստանում էին կոռուպցիան արմատախիլ անել, բայց չստացվեց: Չստացվեց նաև Երևանի քաղաքապետարանում. հին բարքերին դեռ երանի են տալիս մարդիկ, քանի որ քաղաքապետարանն ամենաանկազմակերպ, ամենաոչօպերատիվ և անբարեխիղճ աշխատանքով է աչքի ընկնում մինչ օրս: Եւ այս ձախողման մասով արդեն կա իշխանության ինքնախոստովանությունը:
Օգոստոսի 19-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց հաղորդավարի այն դիտարկման հետ, թե Երևանի քաղաքապետարանում հին բարքերն են տիրում:
Այսինքն, հեղափոխական թիմի անդամ Տիգրան Ավինյանը, որը Սուրմալուի ողբերգությունը օգտագործեց ինքնագովազդի համար, հենց այդ առիթն օգտագործեց՝ հյուընկալվելով Հ1-ում և հեղափոխությունից 4 տարի անց խոստովանեց, որ համակարգային փոփոխություն չի եղել մայրաքաղաքի քաղաքապետարանում: Եվ սա այն դեպքում, երբ նույն հեղափոխականների թիմը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը մշտապես գովել են:
Ավելին, նույն Տիգրան Ավինյանը 2018 թվականին կողմ էր Հայկ Մարությանի թեկնածությանը՝ ասելով, թե վերջինս իրական փոփոխություններ կարող է բերել Երևանին: «Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար»,- ասել էր փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանի խոսքով` Մարությանը ոչ միայն դերասան է, այլև պրոդյուսեր, և կարող է իր մասնագիտական ու կազմակերպչական հմտություններն օգտագործել Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Ավելին, 2020 թվականին շատ ՔՊ-ականներ եւ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ատամներով պաշտպանում էին Մարությանին եւ դեմ արտահայտվում, որ խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծվի եւ ուսումնասիրվի քաղաքապետարանի աշխատանքը. մասնավորապես կոռումպացված կամազների պատմությունը:
Սակայն հիմա ստացվում է՝ քաղաքապետարանում ոչինչ չի փոխվել: Ու սա ասում է մարդ, որ Սուրմալուի ողբերգությունը օգտագործեց ներկայանալու որպես իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու և ճերմակ վերնաշապիկով դեպքի վայրում ինչ-որ բաներ էր քննարկում:
Համաձայնեք՝ ընդհանրապես, աղետի ֆոնին ինքնագովազդ անելը ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն՝ անկախ այն ամենից, թե ով է դա անում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.