Մի քանի օրից Արցախի Հանրապետության երեք համայնքներ` Բերձորը, Սուսն ու Աղավնոն, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
-Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո՝ օրեր անց, հերթական անգամ կփոքրանա: Այս անգամ խոսքն Արցախի Հանրապետության 3 համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի մասին է: Իշխանությունը պարզաբանում է, թե հերթական զիջումը նոյեմբերյան հայտարարությունից է բխում, ընդդիմությունը, բացի իշխանությանը «հողատու», «դավաճան» բառերով անվանելը, որեւէ այլ քայլ չի անում: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցող գործընթացին:
-Արդեն 4 տարի է՝ մեր ժողովուրդը ծրարի մեջ կարծես հույսեր է ստանում այս իշխանությունից: Ծրարը բացելուց հետո հասկանում է, որ այն դատարկ է: Այս նույն գործընթացը նաեւ Արցախում է: Իշխանությունները, անընդհատ գաղտնի ենթատեքստ թողնելով, ինչ-որ պահանջներ են դնում ժողովրդի առաջ, օրինակ՝ չայրեք ձեր բնակարանները: Պահանջը, որ չայրեն, վերջերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը պատճառաբանեց, թե ինչու է նման արտահայտություն արել՝ ասելով, որ պետք է վերադառնանք. մարդիկ վառեցին իրենց տները Աղանուսում, բայց հիմա վերադարձել են Աղանուս:
Սրանք պոպուլիստական հայտարարություններ են, որովհետեւ մինչ իրենք ասում են, որ ճանապարհը, որով լինելու է երթեւեկությունը, լինելու է Բերձորի միջանցքի փոխարեն, միջանցքի տրամաբանությունն է ունենալու: Մեզանից որեւէ մեկը չի տեսել այդ եռակողմ հայտարարությունը, որով տրվում է միջանցքի կարգավիճակ, եւ դրանով իսկ այն տարածքները, որոնք օկուպացվել էին թշնամու կողմից, մտնելու են այդ 5կմ-ի մեջ, եւ մենք կարող ենք վերոդառնալ մեր տները: Այս դեպքում եւս գնահատական կտամ, որ սա պոպուլիզմ է, եւ սա եւս այդ ծրարով տրված հույսն է ժողովրդին: Մյուս կողմից, որպես հայ, ես չեմ կարող պատկերացնել, որ հայը իր տունը վառում է, քանի որ դա սարսափելի է: Դու դրանով վառում ես քո նպատակները, քո հույսը, քո անցյալն ես վառում: Միշտ մտածել եմ, որ մենք արարող, ստեղծող ժողովուրդ ենք, ոչ երբեւէ քանդող ու ավերող մեր իսկ ստեղծածը: Իհարկե, ես չեմ կիսում այն հույսերը, որը տալիս է իշխանությունը ժողովրդին, բայց հույսս չեմ կորցնում, որ մեր ժողովուրդը կվերադարձի այն հողերը, որը այս իշխանությունը ուղղակի տվեց թշնամուն:
-Արցախի իշխանություններն Աղավնո գյուղի բնակիչներին հրահանգել են տները չհրկիզել, անվնաս հանձնել Ադրվեջանին։ Սրա՞ն ինչ գնահատական կտաք:
-Երբեւէ չեմ ընդունի, որ մենք ռազմական ներուժ չենք ունեցել, չունենք կամ չենք ունենալու: 2020թ-ի պատերազմը փաստ էր այն ամենի, որ մեր 20 տարեկան առյուծասիրտ քաջորդիները չպարտվեցին, իրենք նահատակվեցին հանուն հայրենիքի, եւ իրենք հաղթեցին դրանով, իսկ պարտվեց իշխանությունը: Իշխանությունը գիտակցաբար իր գծած ծրագրով տարավ պարտության եւ շարունակում է թուլացնել, կոտրել ժողովրդին եւ բանակը: Նման իշխանությունը, բնականաբար, դիվանագիտության մեջ էլ պետք է պարտություն կրի, ինչի համար որ ինքը ստեղծվել է: Դիվանագիատական միտքը կոնկրետ ուղղություն ունի, որը ղեկավարվում է օտարերկրյա ուժերից՝ ի շահ մեր թշնամու: Մեր համար առ այսօր ընդունելի չի եւ չենք ընդունում, որ, այո, մեր ազգի մեջ կային մարդիկ, որ կգնային այդ ճանապարհով՝ հանուն իրենց շահի: Սոցցանցերում քաղաքականություն վարելը, սգալը, ողբալը, հաղթելը սկսեց այս իշխանություններից: Սոցցանցերով շարունակում են ղեկավարել ու տանել դեպի կործանում մեր հայրենիքը:
-Եթե անգամ մեր ռազմական ներուժը չի բավարարի զենքով պաշտպանել Բերձորն ու Աղավնոն, ապա ի՞նչ եղավ դիվանագիտական մտքի հետ։ Մենք, փաստորեն, բացի սոցցանցերում գրառումներ անելուց, այլ բանի ընդունակ չե՞նք:
-2020թ-ի եռեկողմ հայտարարությունից հետո բոլորին թվում էր, թե դրանով ամեն ինչ ավարտվում է, եւ այդ փոքրիկ հատվածը հայրենիքի, որը մեր վերահսկողության ներքո էր, պետք է զարգանա եւ բարգավաճի: Այդ ամենը թմբիր էր, որի մեջ հայտնվել էինք, եւ համոզում էին իշխանությունները, որ այդպես է լինելու: Այս գրեթե 2 տարվա ընթացքում մենք ականատեսն ենք այս սողացող պատերազմի, որի ընթացքում շարունակվում է հանձնվել մեր հայրենիքը կտոր առ կտոր: Ես, շփվելով մեր երկրում ընդիմադիր գործընկերների հետ, տեսնում եմ, որ փորձում են ինքնակազմակերպվել եւ տանել այն ուղիով, որը հաջողություն կբերի: Արցախում արդեն իսկ սկսել ենք համախմբումը՝ «Հանուն Արցախի փրկության» շարժումը, որը ժողովրդինն է, եւ այս պահին մեր կուսակցությունը հայտարարել է, որ իր կուսակցության դրոշը այս առումով ծալում եւ միանում է ժողովրդի շարժմանը, որը պետք է տանի փրկության: Ժողովորդը ինքը պիտի ուզի դա եւ ինքը պետք է անի դա: Չեմ կարծում, որ հիմա լռություն է: Այո, լռություն է սոցցանցերում կամ լռություն է մեդյա դաշտում, բայց այդ ներքին շարժը գնալով ավելանում է, եւ ինքնապաշտպանության բնազդը բերում է նրան, որ մեզանից յուրաքանչյուրը տեր կանգնի իր հայրենիքին՝ հանուն Արցախի պաշտպանության:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱՆՑԱԿԵՏԻ ԱՌԱՋԱՐԿ՝ ՍԱՀՄԱՆԻՆ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
ՀՀ կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արեւելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Նախագիծը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական եւ կահավորման աշխատանքների իրականացման համար:
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ
Առաջիկայում մաքսային հսկողության գոտիներ կսահմանվեն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին որոշման նախագիծն արդեն դրել է հանրային քննարկման: Թեեւ նախագիծը նոր է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում, բայց հասցրել է հավաքել 4 «Դեմ» ձայն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի, Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում կսահմանվի մաքսային հսկողության գոտի։ Անցման կետերը կգործեն համապատասխան շինարարական եւ կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
«ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԱՐՑ
Թուրքիայում ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները։ Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաները խոսում են «միջանցքի» մասին՝ նույնիսկ չհիշատակելով Հայաստանը։ Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասը՝ Սյունիքը (Զանգեզուր) բռնակցելու փորձի մասին է։ Ինչպես ԱՊԱ-ին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը, նախատեսվում է ընդլայնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «Արտոնյալ առեւտրային համաձայնագրի» շրջանակը։ Ռ.Թ. Թուրագայը նշել է, որ նպատակ է դրվել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնել. «Այս պահին մեր ապրանքաշրջանառությունը մոտ 5 միլիարդ դոլար է կազմում։ 2021 թ. մեր ներմուծումը կազմել է 2.3 մլրդ դոլար, իսկ արտահանումը` 2.7 մլրդ դոլար։ Մենք աշխատում ենք ապրանքաշրջանառության այս ծավալն ավելացնելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար կարեւորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է»։ «Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա՝ Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու տեսանկյունից՝ առեւտրի ծավալներն ավելացնելու համար։ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»,- ասել է թուրք փոխնախարարը՝ այդպիսով ակնարկելով Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին։