Ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում կատարված աշխատանքները վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն ամփոփում է գոհացուցիչ արդյունքներով:
Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 1019 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 837-ի համեմատ:
Հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, հետախուզվող հանցագործների եւ անհայտ կորած անձանց որոնման ուղղություններով աշխատանքները համակարգելու, դրանց ձեւերն ու մեթոդները կատարելագործելու, ինչպես նաեւ գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում տարվել են մի շարք աշխատանքներ:
Հանցագործություն կատարած եւ անհայտ կորած անձանց հետախուզման ուղղությամբ ակտիվ համագործակցություն է իրականացվել ոստիկանության տարածքային, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների հետ, որի արդյունքում հայտնաբերվել եւ նախաքննության մարմին ու դատարան են ներկայացվել հանցագործություն կատարած 19 անձ:
Քննարկվել է առերեւույթ հանցագործության մասին ֆիզիկական անձանց եւ հետաքննության մարմնի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու մասին 102 հաղորդում, դրանցից 45-ով հարուցվել է քրեական գործ, 46-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 15-ը ոչ արդարացման հիմքերով, 3-ը կցվել է առաջին հաղորդմանը, իսկ 8-ը գտնվում է ստուգման փուլում: Հարկ է նշել, որ նշված հաղորդումներից 78-ով առերեւույթ հանցագործության դեպքերը հայտնաբերվել են ՔՀ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Բացի դրանից, վարչության ծառայողների կողմից քննարկվել է քաղաքացիներից ստացված 117 դիմում-բողոք, որոնց արդյունքների մասին սահմանված կարգով ծանուցվել են դիմումատուները:
Ծանր հանցագործությունները նվազել են 20 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ աճել 3-ով: Նշված հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվել ՔՀ վարչության ծառայողների կողմից, որի արդյունքում հայտնաբերվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության 12 դեպք: Հանցավորության դեմ պայքարի կարեւորագույն ցուցանիշներից է հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետության ապահովումը: Հաշվետու ժամանակահատվածում 37,9% աճ է արձանագրվել վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 86,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48,3%-ի համեմատ:
Քողարկված եւ ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է օպերատիվ ծառայողների վրա, որոնց կողմից հայտնաբերվել է ընդհանուր հանցագործության 295 դեպք, ինչպես նաեւ պարզվել է հանցագործություն կատարած 265 անձի ինքնությունը: Վարչության ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել է 70, իսկ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ՝ 39 հանցագործության դեպք:
Արայիկ Գասպարյանն ընդգծում է, որ վարչության ծառայողները շուրջօրյա ռեժիմով շարունակում են ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ողջ տարածքում՝ վերահսկելով օպերատիվ իրավիճակը:
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ Երեւանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 01։40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է, որ «ձախ ստորանրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը: Համաձայն բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ 27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վիրավորում շնչափողի վնասումով, երկկողմանի պնեւմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է տուժողի հագուստը, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Օգոստոսի 16-ին՝ ժամը 01.20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի եւ նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել Կոշ համայնքի բնակիչ, 44-ամյա տղամարդ: Ժամը 02.20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ են ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Կոշ համայնքի 24-ամյա եւ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա երկու երիտասարդ: Ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Կոշ համայնքի բնակիչ 27-ամյա երիտասարդ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 եւ 44 տարեկան երկու բնակչի միջեւ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետեւ տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդները: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված չորս անձանց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 2 ՆՌՆԱԿ
Երեկ օգոստոսի 18-ին՝ ժամը 08:38-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի գերեզմանոցի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք, եւ պայթում է զինամթերք:
Ժամը 08:40-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 09:01-ին հրշեջ մեքենան մարտական հաշվարկով նույնպես մեկնել է դեպքի վայր եւ մեկուսացրել հրդեհը ժամը 09:09-ին, մարվել՝ ժամը 09:40-ին:
Հրդեհի հետեւանքով այրվել են չոր խոտեր եւ թփեր մոտ 10 x 60 մ:
Հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ, որոնք սակրավորները տեղափոխել են անվտանգ տարածք եւ ոչնչացրել:
ՎՆԱՍԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԵՐԸ
Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել օգոստոսի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժին դիմած Երեւանի բնակիչ 41-ամյա Լ. Մ.-ի հաղորդման փաստով:
Վերջինս հայտնել է, որ այցելել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել է, որ օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում կոտրել եւ վնասել են իր հոր եւ եղբոր գերեզմանաքարերը, ինչպես նաեւ գերեզմանատան վրայի մետաղյա ծածկը: Ժամանած ոստիկաններին Լ. Մ-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի վնաս:
Մրգաշեն գյուղի մի քանի բնակիչներ, ասում են, որ դեպքի մասին առավոտ շուտ են իմացել: «Մենք էլ ենք մտածում, որ հնարավոր է՝ վանդալիզմ է իրականացվել, բայց հակված ենք այն մտքին, որ շիրմաքարերը տապալվել են ուժեղ քամու պատճառով, ինչպես նաեւ քամու հետեւանքով է մետաղյա ծածկը պոկվել: Մեր գյուղում մի քանի անգամ ուժեղ քամու հետեւանքով գերեզմաններ են վնասվել:
Թող ոստիկաններն ու քննիչները պարզեն եղելությունը, թե արդյոք որն է իրականությունը՝ վանդալիզմը, թե քամին ու պատճառված վնասը»: