Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում
Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում՝ նախկին «Հայփոստ»-ի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են կրակը, տուժածներ չկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատություն ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին:
Վանուհի Սաղաթելյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում կարող են խնամվել քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով հիվանդ անձինք:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Կերակրողին կորցնելու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը:
Մարինե Մինասյան (22 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
Երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան զավակի համար մահացած կերակրողի՝
ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,
բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով: