Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, Երևանում և սեպտեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, տեղի կունենան նրան նվիրված համերգներ: Ռոմանսների արքա Հայկոն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական հետք թողեց ոչ միայն հայկական ռոմանսի ձեւավորման, այլ նաեւ հայկական ժամանակակից կինոմատոգրաֆիայում: Նրա ստեղծագործությունները ֆիլմը դարձնում են լիարժեք, հուզում ու ոգեշնչում են:
Հայկոյին նվիրված համերգի առաջին մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է համերգի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ:
«Իրականում շատ դժվար է, պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետեւ Հայկը լինելով ուրախ, զվարթ, թեթեւ մարդ, յուրաքանչյուր համերգին մոտենում էր շատ պատասխանատու ձեւով, նույնն էլ հիմա է մեզ մոտ: Կատարում ենք ահռելի մեծ աշխատանք, որպեսզի համերգը, ոճը չտարբերվեն Հայկոյի նախորդ համերգներից: Կարեւոր խնդիր ենք դրել մեր առջեւ՝ չկորցնել կապը հանդիսատեսի հետ: Համերգը լինելու է Հայկոյի մասին, Հայկոյի հետ: Բացի Հայկոյի մշտական թիմից այս անգամ միացել են մեզ Կարեն Սեւակը, երիտասարդ կատարողներ: Համերգի մեջ ներառված են նաեւ արտասահմանյան արտիստներ, մի խոսքով ամեն ինչ փորձում ենք անել Հայկոյի շուրջ, Հայկոյի համար: Ամեն ինչ անում ենք, որպեսզի համերգը հանկարծ չվերածվի կոմերցիոն համերգի, կամ ինչ-որ մեկի համար լինի փիառի միջոց»,-նշեց նա:
Մեծ երաժշտի համերգից անմասն չեն մնում նաեւ նրա ընտանիքի անդամները, հատկապես որդին՝ Արմանը, ով համերգի առաջին իսկ օրվանից մեծ պատասխանատվությամբ է պատրասվում համերգին. «Գաղտնիք չէ Հայկոյի եւ որդու՝ Արմանի կապը շատ մեծ է եղել: Արմանը ներկա է եղել Հայկոյի բոլոր համերգների փորձերին, եթե նախկինում նա ուրիշ ձեւ էր ընկալում այդ ամենը, ապա հիմա շատ պատասխանատու կերպով է մոտենում յուրաքանչյուր դետալի: Նրա մասնակցությամբ շատ հետաքրքիր մտահղացումներ կան: Ուզում եմ ընդգծել, որ մեզ հետ են Հայկոյի բոլոր ընկերները, ընտանիքի անդամները, մեծ դեր ունի եղբայրը՝ Վահեն: Հայկի հետ կապված բոլորն այնքան ասելիք ու հիշողություններ ունեն, որ փորձել ենք հնարավորինս ընդգրկել բոլորին: Ուզում եմ հատուկ ընդգծել նաեւ մեր արտիստների մեծ պատասխանատվության եւ պատրաստակամության մասին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ հոգով եւ սրտով ենք պատրաստվում համերգին: Կարծես ամեն մեկս մի բան անելով ավելի մոտ ենք մեզ զգում դեպի նա: Գիտեք, Հայկոն առհասարակ շատ մեծ ոգեւորվածությամբ էր սպասում իր համերգներին, եւ հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մոտ լինենք նրան»,-ընդգծում է Իրինա Վարդանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոյի մայրը՝ տիկին Սուսաննան, եւս մեծ մասնակցություն ունեն համերգի կայացման գործում, եւ ամեն բան նախապես քննարկվել է նրանց հետ:
«Շատ են այն մարդիկ, ովքեր ճանաչել են Հայկոյին ու ասում են ցավը շատ մեծ է եւ երեւի թե չկարողանան ներկա գտնվել, բայց մենք ամեն ինչ արել ենք, որ շատ դժվարը չլինի: Մենք ամեն ինչ արել ենք, որ ողբ չլինի: Համերգը լինելու է Հայկի նման պայծառ, ժպիտով: Մենք ամեն տեղ թողել ենք Հայկո, նա ամեն տեղ կա, հանդիստեսն ամեն վայրկյան զգալու է նրա ներկայությունը, ուղղակի տպավորություն ենք ստեղծելու, որ նա պարզապես հեռվում ինչ-որ մի տեղ հետեւում է մեզ եւ ժպտում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Իրինայի խոսքով՝ համերգի ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակով եւ նրա կիսատ թողած երգերի պատրաստմանն է ուղղվելու: «Առջեւում դեռ շատ լավ մտքեր կան, եւ նախատեսում ենք ավելի մեծ համերգ կազմակերպել»:
Լիդա Եղիազարյան