Այսօր «Փեթակ» առեւտրի կենտրոնը մի քանի օր փակ մնալուց հետո բացվեց: Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնում այսօրվանից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնելու: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Երեւանի տարածքային բաժնի տեխնիկական եւ հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, այս պահին ի՞նչ անելիքներ ունեք «Փեթակ» առեւտրի կենտրոնի հետ կապված:
-«Փեթակ» առեւտրի կենտրոնում 2021 թվականի թվականին իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ դիտարկումներ, որի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է կարգադրագիր համապատասխան ժամկետներով: Ներկա պահին, հաշվի առնելով նաեւ իրավիճակը, առաջնահերթության կարգով դիտարկում, հետազոտություն ենք նախատեսել կրկնակի ստուգման նպատակներով «Փեթակ» առեւտրի կենտրոնում՝ օգոստոսի 22-ից 25-ը ներառյալ: Տեղում կատարվելու է ուսումնասիրություն, պարզաբանումներ են տրվելու նախկինում տրված կարգադրագրերի կետերի հետ կապված:
-Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: Կնշե՞ք մեկ-երկու օրինակ:
-Խախտումները հիմնականում նույնաբովանդակ են, առեւտրի կենտրոններին բնորոշ: Հիմնականում հրդեհային ահազանգման, ծխահեռացման, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի, արտաքին հրդեհաշիջման համակարգերի հետ կապված:
-Դուք նշեցիք օգոստոսի 22-ից 25-ը ստուգումններ եք անցկացնելու, այդ օրերին առեւտրի կենտրոնը բա՞ց է լինելու:
-Առեւտրի կենտրոնն արդեն բացվել է, արդեն այսօր այցը նախատեսված է, որ իրականացվելու է:
-Պարոն Կարապետյան, Դուք նման պահեստներ հայտնաբերե՞լ եք «Փեթակ» առեւտրի կենտրոնում, ինչպես օրինակ՝ «Սուրմալու»-ում՝ պայթուցիկների:
-Ոչ, պայթուցիկների պահեստներ հայտնաբերված չեն, բոլորը առեւտրի կենտրոններ են, որտեղ եւ բնանաբար իրականացվում է առեւտուր եւ վաճառք:
Հ.Գ. «Փեթակ»-ի կողմից ճանապարհը կբացվի: Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կողմից ճանապարհը դեռ փակ է մնալու, քանի որ այնտեղ որոնողական աշխատանքներ են իրականացվում, նաև՝ քննչական գործողություններ: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Քննչական կոմիտեն, Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը քննարկում են ունեցել և որոշել են «Փեթակի» կողմից ճանապարհը բացել և երթևեկությունն այդ հատվածում վերականգնել: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչներն առարկել են «Սուրմալու»-ի հատվածով ճանապարհի բացումը:
«Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները ArmLur.am-ին հայտնեցին, որ արդեն բացել են իրենց տաղավարները եւ սկսել են աշխատել:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը