Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու 3 ճանապարհ կա՝ վստահեցնում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու մանրամասնում՝ առաջինը Փաշինյանի գիտակցված հրաժարականն է, երկրորդը իրավական ճանապարհն է, երրորդն Ազգային ժողովի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է։ Ղազարյանի ազդարարած նոր շարժումը՝ «Անկախության շարժումը» մեկնարկելու է 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը եւ, ըստ նրա, պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Փաշինյանի հրաժարականով: Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մեծ մասը պատրաստ է կանգնել նոր շարժման կողքին: Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները նույնպես հրապարակում կլինեն, հարկ եղած դեպքում քննարկումներ կունենան Ղազարյանի հետ, կօժանդակեն շարժմանը: «Մինչեւ այս պահը,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,- Ղազարյանի հետ հանդիպում-քննարկում չեն ունեցել»:
-Պարո՛ն Մանուկյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական շարժումն է սկսում: Խոսքը Լեհաստանում ՀՀ նախկին դեպան Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման մասին է: Ի՞նչ տրամադրվածություններ ունի «Հայաստան» խմբակցությունը:
-Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ընդիմադիր ցանկացած գործողություն, որը նպատակադրել է այս իշխանության հեռացումը, բնականաբար ստանալու է մեր աջակցությունը: Ինչպես նախորդ շարժումների դեպքում, այնպես էլ այս անգամ, մեր գոծընկերները, զինակիցները լինելու են Հանրապետության հրապարակում:
-Այդ օրը Դուք լինելո՞ւ եք Հանրապետության հրապարակում:
-Այո, անշուշտ:
-Այս դեպքում որպես մասնակի՞ց, թե՞ անհրաժեշտության դեպքում կօգնեք խորհուրդներով:
-Որպես մասնակից կլինեմ:
-Պարո՛ն Մանուկյան, Էդգար Ղազարյանը հայտարարել էր նաեւ, որ նախաձեռնության հիմքում Գերագույն խորհրդի պատգամավորների հետ հանդիպում-քննարկման ձեւաչափն ու գաղափարն է: Ձեր շրջապատում եղե՞լ են մարդիկ, որ հանդիպել են նրա հետ:
-Որպես ԱԺ պատգամավոր՝ թե՛ ես, թե՛ մյուս բոլոր պատգամավորները պաշտոնապես հրավիրված ենք խորհրդի անդամների հետ այդ հանդիպում-քննարկմանը:
-Ղազարյանի հետ մինչեւ այսօրվա (երեկվա-խմբ.) քննարկումը հանդիպում չե՞ք ունեցել:
-Ոչ, չենք հանդիպել:
-Պարո՛ն Մանուկյան, հիմա քաղաքագետները եւ հասարակության մի ստվար զանգված ասում են, որ ընդիմությունն արդեն 2 անգամ չկարողացավ այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, հետեւաբար, ասում են, մեկ մարդ ինչպե՞ս է կարողանալու կարճ ժամկետում՝ մի ամսում այնպես անել, որ Փաշինյանը հրաժարական տա: Ձեր տեսակետը ո՞րն է:
-Ես չակերտավոր քաղաքագետներին ընդհանրապես սովորություն չունեմ խորհուրդ տալու եւ մեկնաբանելու, քանի որ իմ ժամանակը եւ շատ շատերի ժամանակը շատ թանկ է նման մեկնաբանությունների համար:
-Ցանկանում եք ասել, որ հույս ունեք՝ այս անգամ կգնա՞:
-Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հեռացվելու է. այդ հարցում վստահ եմ:
-Արդեն 2 տարի նույն բանն եք ասում:
-Ցավոք սրտի, մեր երկրի ու մեր ժողովրդի դժբախտությունն էր, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հաջողությունը կամ անհաջողությունն է նրա՝ ամեն օր իշխանության մնալը, որը շատ է թուլացնում մեր երկիրը ու մեր երկրի անվտանգությունը:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն ժամկետներ:
-Ասեմ՝ օր առաջ նրա հեռացումը մեր երկիրը այս գահավիժող վիճակից փրկելու հնարավորություն է տալիս:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՌԴ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ
Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը եւ կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին։ Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։
Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւը հայտարարեց` Մոսկվան սպասում է պաշտոնական Երեւանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։
Իսկ ի՞նչ է արվում նման դեպքերում: Նախ՝ նշենք, որ նոտան դիվանագիտական նամակագրության փաստաթուղթ է, որի միջոցով մի պետության կառավարությունը արտաքին հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ դիմում է մեկ այլ պետության կառավարությանը, իսկ «բողոք» բառը նշանակում է դժգոհություն, առարկություն, անհամաձայնություն, հերքում, ժխտում եւ այլն։ Չնայած այն հանգամանքին, որ դժգոհություն կամ մտահոգություն առաջացրած ցանկացած իրադարձություն կամ գործողություն կարող է հիմք դառնալ հայտարարության եւ բողոքի նոտա հանձնելու համար, դիվանագիտական կառույցները նման գործիքի են դիմում միայն լուրջ հիմքերի առկայության դեպքում։
«Բողոքի նոտա հղել» բառակապակցությունը շարքային քաղաքացու մոտ կարող է խորհրդավոր սարսափի զգացողություն առաջացնել, սակայն դա պարզապես ինչ-ինչ հարցերի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձեւ է, այդ նոտան էլ ընդամենը հատուկ տիպային շարադրանք պարունակող պաշտոնական նամակ է իրենից ներկայացնում: Հետաքրքիր է նաեւ, որ բողոքի նոտային պատասխանելու հստակ ժամկետներ չկան, սակայն պատասխանը պետք է լինի գրավոր:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ 10 ԿՐՊԱԿ
Երեւանի նախկին քաղաքապետը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունը նրան ստիպել է խոսել: Քաղաքապետը, անդրադառնալով պայթյունին, հայտարարել է. «Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների եւ թե՛ քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից»: Եւ ո՞վ է խոսում կանխարգելիչ գործողություններից. մարդ, որը 2021 թվականի ապրիլի 6-ին՝ նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո, որեւէ կանխարգելիչ գործողություն չի արել: Որպես քաղաքապետ՝ «Սուրմալու» ստուգայց չի կատարել՝ պարզելու հրդեհից հետո անվտանգության կանոնները պահպանվել են, թե ոչ: Հիմա եկել եւ քաղաքացիներին ու պետական կառույցներին կոչ է անում կանխարգելիչ գործողություն անել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապամոնտաժման դեմ պայքարող Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ապօրինի բացվել է 10 կրպակ:
ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա, սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց»,-նշված է հայտարարության մեջ: ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումների, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը: