ՎԵԴԻԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարուժան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցրել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում՝ համայնքապետարանում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անցել Է պաշտոնեական լիազորությունները, այն Է՝ դիտավորաթյամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին։

 

Այսպես, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանը, նպատակ ունենալով ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի՝ թիվ 265-Ն որոշման Հավելվածի համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային Հ-10, /Հ-8/ /Ոսկետափ) /-Վեդի-Լանջառ-/Մ-2/ ճանապարհի հատված կազմող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 եւ 71/4 հասցեներում գտնվող համապատասխանաբար 18քմ եւ 20 քմ, 20քմ եւ 20 քմ չափերով հողամասերը կառուցապատման իրավունքով ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ Վազգեն Նազարյանին առեւտրի սրահ կառուցելու համար տրամադրելու, անտեսել Է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 920-Ն որոշման Հավելված 1-ի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջն առ այն, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի գործառնական նշանակության փոփոխությունները համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվում են Լիազոր մարմնի /Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե/ հետ, ինչպես նաեւ 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված պահանջներն առ այն, որ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին եւ դրանց հարող տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման եւ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործառույթները համայնքի ղեկավարի կողմից իրականացփսմ են՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ։

Այդ նպատակով Վարուժան Բարսեղյանը, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցնելու, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 514, 2019 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 615, 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 110 որոշումներով, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 եւ 71/4 հասցեներում գտնվող համապատասխանաբար 18քմ եւ 20 քմ, 20քմ եւ 20 քմ չափերով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի։ Բացի այդ, կրկին առանց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցնելու, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, Վարուժան Բարսեղյանը ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 71/1, 71/2, 71/3 եւ 71/4 հասցեներում առեւտրի սրահ կառուցելու համար 2019 թվականի հուլիսի 29-ին 2020 թվականի նոյեմբերի 13-ին Վազգեն Նազարյանին տրամադրել է թիվ 31 եւ թիվ 58 ճարտարապետահատակագծային առաջադրանքները, իսկ 2020 թվականի հունվարի 21-ին, 2020 թվականի դեկտեմբերի 23-ին Վազգեն Նազարյանին տրամադրել է թիվ 2, թիվ 678 շինարարության թույտվությունները։ Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի կողմից վերը նկարագրված՝ իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարման արդյունքում անձանց իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. անձինք զրկվել են բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակության օգտագործելու, հանրության շահերին ծառայեցնելու, հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների եւ բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, քաղաքաշինական, լանդշաֆտային եւ բնապատկերային արժեքների պահպանման, բնական եւ տեխնածին երեւույթներից պաշտպանության, աղետների եւ արտակարգ իրավիճակների կանխման ու հետեւանքների վերացման հնարավորությունից։

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022 թ. հունիսի 3-ին Երեւան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, անհատականացվել են մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ շարժման ղեկավարների կազմակերպմամբ եւ ուղղորդմամբ՝ Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար հավաքի մասնակիցները Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաեւ այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին: Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ. Սարգսյանը հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար եւ շիշ է նետել նրանց ուղղությամբ:

Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ. Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ. Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022 թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԼՐԱԳՐՈՂԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ Լեւոն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, դեռեւս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ եւ նրանց օժանդակությամբ, խմբի կազմում ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ  փոխլրացնելով, միմյանց խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն ու գործիքներ տալով եւ տրամադրելով, ինչպես նաեւ խոչընդոտները վերացնելով, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու՝ խարդախության եղանակով 2020թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ծամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով հեռախոսակապ հաստատելով մի շարք ՀՀ քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալներն ու ներկայանալով իբրեւ լրագրող կամ որեւէ նախարարության աշխատակից կամ մտերիմ կամ որեւէ այլ մտացածին անձ, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով իր կողմից հետագայում վերադարձնելու պայմանով, խեղաթյուրելով իրականությունը եւ հավատ ու վստահություն ներշնչելով, տարբեր անձանցից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 10807000 ՀՀ դրամ գումար, որից հետո այն մաս առ մաս փոխանցել է այլ հաշիվների՝ նպատակ ունենալով թաքցնել հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը։

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի: Վերջինս պահանջում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար Իշ. Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Ի՞նչ իրավախախտման մասին է խոսքը: Այսպիսով, ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը վերաբերում է հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելուն: Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, ասել է թե՝ Երեւանի քաղաքապետը հենց այս օրենքի խախտման համար է դիմել դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավորի: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 




Լրահոս