ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ «ՓԵԹԱԿ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները եւ տնտեսվարողները երեկ վաղ առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ ցանկանում են աշխատել, սակայն իրենց թույլ չեն տալիս։

 

«Տնօրինությանը հարցնում ենք՝ երբ ենք աշխատելու, ասում են՝ տեղեկություն չունենք,  ասում են՝ վերեւներից պետք է ասեն. թե ովքեր են վերեւները, չեն նշում։ Մենք խնդիրների առաջ ենք կանգնում, մեր աշխատողները արդեն սկսել են այլ աշխատանք փնտրել. մի ամսից որ բացվի, աշխատակիցների խնդիր ենք ունենալու, վարկեր, հարկեր ունենք վճարելու, ո՞վ է փոխհատուցելու այդ ամենը»,- ասաց տնտեսվարողներից մեկը։

Մեկ այլ տնտեսվարող նշեց, որ քիչ առաջ հանդիպել են ԱԻ նախարարի հետ եւ առաջարկել առեւտրի կենտրոն մտնող ճանապարհը պայմանականորեն կիսել։

«Մի հատվածում թող աշխատեն փրկարարները, իսկ մյուսը մենք կմաքրենք, կաշխատեցնենք, ոչ մի աշխատանքի մենք չենք խոչընդոտելու։ Նախարարը տվել է իր համաձայնությունը ճանապարհը կիսելու վերաբերյալ։ Հիմա ասում են՝ քննիչները պետք է թույլ տան։ «Փեթակ» առեւտրի կենտրոնում ոչ մի վտանգ չկա, մտել նայել ենք, թող թողնեն աշխատենք, մարդիկ վարկեր ունեն, վճարումներ ունեն։ Շրջակա բոլոր առեւտրի կենտրոնները աշխատում են, բացի «Փեթակից». այս ընթացքում կրել ենք ֆինանսական, տնտեսական վնասներ»,- ասաց «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը։ Անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանի խոսքով՝ ԱԻ փոխնախարարը հայտնել է, որ ԱԻՆ-ի փրկարարները «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հատվածի ճանապարհն իրենց հսկողության տակ կվերցնեն։

«Ութ օր է՝ քննչականն էլ, հետաքննիչն էլ աշխատել են: «Փեթակ» առեւտրի կենտրոնը կապ չունի այդ թեւի հետ: Փլված շենքի հետեւը բոլորն առեւտուր են անում: Ժողովուրդը վարկեր ունի: Տոնավաճառի տնօրինությունը անվտանգային պայմանները ստեղծել է: Եթե անվտանգությունը չպահենք, ինչպես կարող ենք ասել, որ ժողովուրդը աշխատի»,- ասաց նա: Անհատ ձեռներեցը նշեց, որ առեւտրի կենտրոնի փակ լինելու պատճառով տնտեսվարողները ֆինանսական վնասներ են կրում:

«Մարդիկ կան, որոնք օրական 5000 դրամ աշխատում են, տանում են իրենց ընտանիքն են պահում: «Փեթակ»-ի դիմացի մայթի ճանապարհը թող մնա իրենց, որ տեխնիկաները աշխատեն, իսկ այս մայթինը թող բացվի, որ մենք էլ կարողանանք աշխատել: Մեզ ասում են, որ սպասում են քննիչների պատասխանին, քննիչն էլ՝  վերադասի պատասխանին»,- ասաց նա:

Սարգիս Ղազարյանը պատմեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով Հայաստանում եւ Արցախում  հայտարարված սգո օրերին փակ է եղել միայն «Փեթակ» առեւտրի կենտրոնը. «Հայաստանում սգո օրեր էին հայտարարված, Հայաստանում չենք աշխատել միայն մենք, բոլորը աշխատել են, աշխատել են նաեւ զվարճանքի վայրերը: Մեր սիրտը ցավում է դրանից, բայց պետք է ժողովուրդն էլ ապրի, չէ՞»։

Այս իրավիճակին անդրադարձել է նաեւ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:   ««Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,-գրել է նա։

Նշենք, որ «Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

Lուսինե Հովհաննիսյանը շուրջ  մեկ տարի զբաղեցնում է Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը։

 

Նա հուլիսի 1-ին  աշխատանքից ազատել է  դպրոցի  բազմավաստակ 7 մանկավարժների՝ պատճաբանելով, որ նրանք կենսաթոշակային տարիքի են,  մինչդեռ   կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին աշխատանքից ազատելու  օրենք, իմպերատիվ պահանջ չկա։ Դպրոցի տնօրենը աշխատանքից ազատված ուսուցիչներին հորդորել է աշխատանքից ազատման դիմումներ   գրել, սակայն 7-ից  միայն  2-ն են դիմում են գրել, եւ դրա հետեւանքով նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է։ Աշխատանքից ազատված  աշխատակիցներն  ասում են, որ տնօրենը  կենսաթոշակային տարիքի  ուսուցիչներին աշխատանքի ազատելիս  գործել է առանց սկզբունքի, խտրական ձեւով, թիվ 2 հիմնական դպրոցից  աշխատանքից չեն ազատվել կենսաթոշակային  տարիքի այլ ուսուցիչներ, որոնք նոր ուսումնական տարում կդասավանդեն։ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցից հայտնեցին, որ այդ  դպրոցում անցած ուսումնական տարում անօրինական կերպով գործել է  բուֆետ, որպես բուֆետապան աշխատել է  դպրոցի պահակը, վերադասից  աշխատող  ժամանելու դեպքում բուֆետը հապշտապ փակել են։   Տեխնոլոգիայի, գծագրության եւ նկարչության ուսուցչուհի Արեւ Բեջանյանին տնօրենն  աշխատանքից ազատել է պայմանագրի ժամկետը լրանալուց ավելի վաղ՝ հունիսի 30-ի հրամանով, սակայն այդ մասին Ա. Բեջանյանին օրենքով սահմանված կարգով չի ծանուցել։ Վերջինս  այդ մասին պատահական կերպով է իմացել, երբ ուսուցիչների մեթոդական միավորման  ֆեյսբուքյան  խմբից հեռացված է տեսել իր անունը։ Ա. Բեջայանը  կարծում է, որ  դպրոցի տնօրենն  աշխատանքից ազատելու  մասին սահմանված կարգով իրեն  չի հայտնել, որպեսզի  սպառվի  տնօրենի հրամանը բողոքարկելու  համար  օրենքով սահմանված ժամկետը։ Ա. Բեջանյանը  փաստաբան ունի, դատական  կարգով վիճարկելու է  իրեն աշխատանքից ազատելու մասին  դպրոցի տնօրենի  հրամանի օրինաչափությունը:  Զանգահարեցի Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ  Մերուժան Հարությունյանին, հարցրի, թե ինքը տեղյակ է արդյոք, թե ինչ անօրինակություններ  են կատարվել Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Մ. Հարությունյանը հայտնեց, որ ինքը գտնվում է արձակուրդում, արձակուրդից կվերադառնա նոր ուսումնական տարվա մեկնարկից 2 օր առաջ,  ինքը տեղյակ չէ, թե ինչ խնդիրներ կան Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, եւ հորդորեց այդ խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում ուղարկել Տավուշի մարզպետին։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱՆՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՓ

Իջեւան խոշորացված  համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչուհի, 1973 թվականին ծնված Ալվարդ Դիլբարյանը օգոստոսի 13-ին տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է  տարածել նրա անհետանալու մասին։ Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանից տեղեկացա, որ Ա. Դիլբարյանը եւ իր ամուսինը Բերքաբեր գյուղում զբաղվում են գյուղատնտեսությամբ, իրենց տնտեսությամբ,  նրանք ունեն չափահաս երկու տղա, որոնք Բերքաբերում չեն ապրում։ Ալվարդ Դիլբարյանը ծնունդով Իջեւան խոշորացված համայնքի Դիտավան գյուղից է, այնտեղից է  հարս գնացել Բերքաբեր։ Բերքաբերը  գտնվում է ներկայումս հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող  Ջողազի ջրամբարի աջ ափին, Բերքաբերի վարչական ղեկավարը բացառեց, որ  Ալվարդ Դիլբարյանը կարող էր անցնել արհեստական լճի ձախ՝ ադրբեջանական ափը, որովհետեւ  նա չէր կարող հաղթահարել ջրամբարը, կամ էլ անցնել ջրամբարի պատվարի վրայով, որի  տարբեր կողմերին հայկական եւ ադրբեջանական զինուժի հենակետեր են տեղակայված։ Բերքաբերի բնակիչները հայտնեցին, որ Ալվարդ Դիլբարյանը հոգեկան հիվանդ չէ, սակայն տարօրինակություն ունի. նա  նախկինում մի քանի օրով իրենց տնից անհետացել է, հետո ետ   վերադարձել:  Օգոստոսի 12-ին տնից հեռանալիս Ա. Դիլբարյանի  մոտ բջջային հեռախոս չի եղել, ինչը դժվարեցնում է նրան գտնելու գործը։

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ 

2022թ. մայիսի 2-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է   Վահե Նորայրի Մարգարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 2-ը գտնվելով Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում՝ ձեռք է բերել պայթուցիկ նյութ հանդիսացող անծուխ վառոդի զանգվածներ, որոնք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն։ Վ.  Մարգարյանին մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235.1 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։  Այդ գործով  մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքի շրջանակներում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, որպես իրեղեն ապացույցներ, պահվում են  անծուխ վառոդի զանգվածներ՝ 5,08 կգ, 5,5 կգ, 1,02լգ եւ 1 կգ քաշով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս