ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ՀՀ հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ եւ անձնական մարզիչներին սպորտային նպաստ կհատկացվի:

Սպորտային նպաստի շահառուներ հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ՀՀ հավաքականների անդամ հանդիսացող այն մարզիկները, որոնք 2021 թվականի օլիմպիական խաղերում, 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր:

Բացի այս, սպորտային նպաստ կստանան նրանք, որոնք ձեռք են բերել 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ, երիտասարդների աշխարհի կամ Եվրոպայի 2021 կամ 2022 կամ 2023 թվականների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, օլիմպիական խաղերում կամ աշխարհի մեծահասակների առաջնություններում 2021 կամ 2022 կամ 2023 թվականներին գրավել են 4-8-րդ տեղերը:

Ի դեպ, շահառուներին սպորտային նպաստ կտրամադրվի 2022 թվականից մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը՝ յուրաքանչյուր ամիս, ընդ որում՝ մարզիկներին` իրենց մեկ լավագույն արդյունքի համար, մարզիչներին՝ ֆեդերացիաներում իրենց զբաղեցրած մեկ պաշտոնի համար, անձնական մարզչին՝ մարզիկի կատարած մեկ լավագույն նվաճման համար:

Նշենք, որ 2022 թվականի հունիսի 1-ից սպորտային նպաստ տրամադրվում է յուրաքանչյուր ամիս հետեւյալ չափով՝ մարզիկներ (մեծահասակներ)` 2021 թվականի օլիմպիական խաղեր 2-րդ տեղ՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 400 հազար դրամ, իսկ օլիմպիական խաղերի վարկանիշ ունեցողները՝ 300 հազար դրամ, աշխարհի մեծահասակների առաջնության 1-ին տեղ գրավածը՝ 500 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ: Գլխավոր մարզիչը ստանում է 350 հազար դրամ, երկրորդ մարզիչը՝ 250 հազար դրամ, անձնական մարզիչը՝ 250 հազար դրամ, բժիշկը՝ 250 հազար դրամ, մերսողը՝ 250 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս