Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու:
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել:
Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:25-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Կատարվում է նախաքննություն: