ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից եւս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ հանգամանքը. «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը եւ Գուրգեն Ամբարյանը։

«Սթար դասթ» ՍՊԸ-ի բաժնետեր

Այսինքն՝ ստացվում է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը բաժնետոմսեր է նվիրաբերել կառավարությանը, թե ինչի դիմաց՝ կպարզենք: Ստացվում է, որ, մի կողմից, Սյունիքի նախկին մարզպետն ամիսներ շարունակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ նրա եղբայրը փաստացի նվիրաբերություններ է կատարում ՀՀ կառավարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորած ֆոնդին:

Ընկերության բաժնետերը

Ընկերության բաժնետերերի ցանկը՝ այստեղ

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Վահե Հակոբյանից պարզաբանումներ ստանալ՝ հասկանալու, թե ինչու է նրա եղբայրը նման քայլի գնացել, սակայն նրա հեռախոսն անջատված էր:

Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, «ԱՄՓ հոլդինգ»-ին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոսը։ Անցած տարվա սեպտեմբերի 30-ին էլ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էր ձեռք բերել Պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը, որից հետո դրա 15 տոկոսը նվիրեց կառավարությանը։ Նվիրատվության գործարքը, ինչպես նաեւ Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատում բաժնետոմսեր ձեռք բերելու գործարքը վիճարկվում է ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովի կողմից,այդ թվում՝ միջազգային ատյաններում: Hetq.am-ը եւս անդրադարձել է դատական այս հարցերին : Կայքի կողմից հրապարակված հոդվածում եւս հիշատակվում է, որ «Սթար դասթ» ՓԲԸ բաժնետերերից է նաեւ Կարեն Հակոբյանը՝ Վահե Հակոբյանի եղբայրը: Նա Պղնձամոլիբդենայինի 2.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները շարունակվում են:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս