Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի երկօրյա այցն Արագածոտնի մարզ ավարտվել է: Տիկին Հակոբյանն արագածոտնյան օրերի ընթացքում մարզի մշակութային, կրթական օջախներ, ինչպես նաեւ հյուրատներ ու բիզնես-գործունեութուն իրականացնող կազմակերպութուններ է այցելել: Չի մոռացել նաեւ ՀՀ շարքային (ըստ իր գրասենյակի ներկայացրածի՝ սոցիալապես ոչ ապահով) ընտանիքների ու քաղաքացիների հետ շփվել, նրանց երեխաներին գրկել, լուսանկարվել, այցն այդպես ամփոփել: Եկեղեցի էլ է մտել, մոմ վառել, գուցե նաեւ զրուցել հոգեւոր թեմաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աննա Հակոբյանն Արագածոտն այցելած օրերին մարզի հյուրանոցներից կամ հյուրատներից որեւէ մեկում չի գիշերել, հետ՝ Երեւան է գնացել:
Աննա Հակոբյանի գրասենյակի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզպետարանի տարածած լուսանկարներից ու տեսանյութերից երեւում է, որ Փաշինյանի տիկնոջն ուղեկցում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի՝ դեռեւս «նախկինների» ժամանակից պաշտոնավարող քաղաքապետ Թովմա Շահվերդյանը, զոռով-շառով Թալինի համայնքապետ ընտրված, բայց այդպես էլ չպաշտոնավարած Տավրոս Սափեյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցի ներկայացուցչներից շատերը եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ զրուցել է վարչապետի տիկնոջ՝ մարզ կատարած այցի մանրամասների մասին:
– Պարո՛ն Մովսիսյան, Աննա Հակոբյանը պետական պաշտոնյա չէ, Դուք եւ մարզի այլ պաշտոնյաներ ինչո՞ւ էիք ուղեկցում նրան:
– Որպես վարչապետի տիկին, որպես «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ենք ուղեկցել. ինչի՞ մասին է խոսքը: Ծանոթացնում էինք մեր մարզին, տեսարժան վայրերին: Մշակութային հարցեր ենք հիմնականում քննարկել:
– Մեզ հետաքրքիր է, թե ինչ առանձնահատուկ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ նրան ուղեկցել եք: Մարզ տարբեր այլ պաշտոնյաների կանայք կարող են այցելել, հո բոլորին չե՞ք ուղեկցելու:
– Վարչապետի կինն ու մնացած պաշտոնյաների կանայք նույնը հո չե՞ն: Բացի այդ, կրկնեմ՝ նա «Իմ քայլը» հիմնադրամն է ներկայացնում, ու մի շարք գործեր կան, որ «Իմ քայլը» հիմնադրամով կարող ենք անել:
– Որտե՞ղ եք եղել, քանի՞ շրջայց եք միասին կատարել:
– Բոլոր այցերը լուսաբանված են, ու այժմ, հնարավոր է, ոչ բոլորը հիշեմ: Եկեղեցի ենք գնացել, մշակութային, կրթական հաստատություններ ենք գնացել, մանկական զարգացման կենտրոն ենք գնացել եւ այլն:
– Վարչապետի տիկնոջ այցն ի՞նչ է տվել մարզին: Նոր խոստումներ, հեռանկարներ, իրականացվելիք ծրագրերի կամ ներդրումների տեսլականներ եղե՞լ են:
– Բայց ինքը ներդրումների հետ առնչություն չունի: Կարող եմ ասել, որ այցը ստացված էր, ու դրական ազդակներ կլինեն ապագայում: Այսպես, թե այնպես, մարզում շատ ծրագրեր ունենք իրականացնելու, մոտ ժամանականերս բավական շատ աշխատատեղեր կբացվեն, ներդրումային մեծ ծրագրեր կունենանք: Երեւի լսած կլինեք՝ մարզի տարբեր համայնքներում լեռնադահուկային համալիր կառուցելու աշխատանքներն արդեն սկսել են, որոնք մեծ թվով աշխատանքներ կստեղծեն: Այդ համալիրները շահագործելու հետ կապված՝ այժմ էլ շինհրապարակներում մեծ թվով մարդիկ են աշխատում, բայց երբ դրանք շահագործման հանձնվեն, պարզ է՝ նոր աշխատատեղեր կբացվեն:
– Տպավորություն է, թե մարզպետը, մի ամբողջ մարզի գործերը թողած, վարչապետի տիկնոջն է ուղեկցում:
– Իսկ ո՞վ է ասում, թե մարզպետը մարզի գործերով չի զբաղվում: Այդ այցին զուգահեռ՝ նաեւ մարզի գործերով էի զբաղվում, իսկ այս կամ այն հաստատություններ, այսպես, թե այնպես, պետք է այցելեի: Վստահեցնում եմ՝ մարզի գործն ընդհանրապես չէի տուժել, ընդհակառակը, ավելի է առաջ ընկել:
Սեւակ Վարդումյան