Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության պաշտոնական հաղորդագրություն է տարածում, որ հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:
Արդյունքում, ArmLur.am֊ի հասած տեղեկություների համաձայն՝ այս արարքի համար Արթուր Սարդարյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից 2021 թվականին պետական դավաճանության մեադրանքով նա կալանավորվել էր եւ նրա դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել էր դատարան: Սակայն դատարանը, հաշվի առնելով պետական գաղտնիքի գործոնը դատական տեղակատվական համակարգում փակել է քրեական գործը եւ այն հասանելի չէ ոչ ոքի: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Արթուր Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է: Ստացվում է, որ նախաքննական մարմինը մեծ աղմուկ է բարձրացնում, թե պետական դավաճանության արդյունքում զինվորականները թշնամուն տեղեկություններ են տվել, սակայն դատարանում նախաքննական մարմնի աղմուկը ոչինչ է դառնում, եւ մարդիկ դատարանում արդարացվում են. դեռ ավելին՝ խախտում են անձի անմեղության կանխավարկածը:
Քնար Մանուկյան