ՆԻկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Այս մասին հայտարարեց աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը ուրախություն է հայտնել Միխայիլ Միշուստինի հետ հերթական հանդիպման կապակցությամբ և նշել. «Այս հանդիպումները մեզ համար կարևոր են այն իրավիճակների կառավարման համատեքստում, որոնք, ցավոք, հաճախ են առաջանում»:

ՌԴ վարչապետը հայտնել էր, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ՌԴ փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Դա ռեկորդային ցուցանիշ է երկու երկրների առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետն ընդգծել է. «Թվերը, որոնց մասին Դուք խոսեցիք` մեր աշխատանքի շատ կոնկրետ արդյունքն է: Հիշում եմ` ապրիլին ՌԴ կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, երբ հանդիպեցինք և քննարկեցինք, թե ինչ պետք է միասին անենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք առաջացել են մեր տնտեսությունների առաջ, ինչ-որ կերպ կառավարել: Շատ ուրախ եմ, որ այսօր, այս խոսակցությունն արդեն ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Դուք ընդգծեցիք, թե որքան է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դա ես համարում եմ մեր խոսակցությունների, մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունք»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ես վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը»:

Նա բարձր գնահատեց երկրների միջև քաղաքական երկխոսությունը. «Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարևորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան ևս ունենք, և վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը: Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օգոստոսի 25-ին Չոլպոն-Ատայում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքներին, նշեց. «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, և կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»:




Լրահոս