«Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից: Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում: Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու. տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո այն ժամանակ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում Շուշի քաղաքի հարցը չի դրվել:
Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի: Ըստ այդ պայմանավորվածության՝ թեեւ փախստականները կարող էին վերադառնալ շուշի, բայց Շուշին Արցախի կազմում էր մնալու։ Փաշինյանը, սակայն, դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ «Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ՝ ներառյալ Շուշին, եւ նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- մանրամասնել էր ՌԴ նախագահը։
Այսինքն՝ Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները եւ Շուշին, սխալ է, քանի որ, ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որեւէ տարբերակ չի քննարկվել։ Ստացվում է՝ Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Օրենքում դրույթ կամրագրվի, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ: Ընդ որում՝ «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկացավ, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն: Հիմա հետաքրքիր է՝ ինչ են անելու հեղափոխական իշխանիկները, որոնք անգամ շոր հագնելու խնդիր ունեին, իսկ հիմա բրենդային ապրանքանիշներից են միայն օգտվում:
Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին եւ հայտնել, որ որոշումը կայացված է, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը: Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում են, թե Հակակոռուպցիոն կոմիտեն որ նորանշանակ դատավորին է մակագրելու քրեական գործը: Այս իրավիճակին զուգահեռ՝ Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց առողջական խնդրի հետ կապված հետազոտման ենթարկելու: Անցել է 1,5 ամիս, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ստեփան Գալստյանի նամակին: Անթույլատրելի վարքագիծ: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը եւ զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին եւ ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։ Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր դրույթները՝ զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, որակավորման կարգը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, սննդի կազմակերպման եւ մատուցման հաճախականությունը, պայմանները, որակավորման կարգը։ Այս պահանջները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար՝ բացառությամբ հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի եւ այլ թանկարժեք գույքի կորստի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ: Պահանջները խախտելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ։